Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Փարիզի շարունակական աջակցությունը ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նրանք վերահաստատել են «Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը» և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Կոպանհագենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ ևս հանդիպել է Փաշինյանը:

Փաշինյանն ու Ալիևն «ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը»։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: