Միքայել սրբազան. «Սա քաղաքական պատվեր է իշխանությունների կողմից»

Ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար, այսօր դատարանում հայտարարեց՝ իր հետ տեղի ունեցածն «աբսուրդ, ապօրինի, շինծու գործընթաց է»։

«Նպատակն ինձ վարկաբեկելն էր». Միքայել սրբազան

Իր խոսքում, որը տևեց մոտ 1 ժամ, պնդեց՝ դատարանը կատարում է իշխանության պատվերը. «Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում՝ այսօրվա իշխանությունների կողմից բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ: Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր, հասարակության լայն զանգվածին ցույց տալու, որ տեսեք, այն հոգևորականը, որին այսքան տարի հարգել եք, հանցագործ է», - ելույթում ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Շիրակի թեմի առաջնորդը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այդ միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:

Իր խոսքում այսօր սրբազանն ասաց, որ գործող իշխանության փոփոխության մասին 2020 թվականից է խոսում, բայց հանցակազմ գտան միայն 5 տարի անց։ Պնդեց՝ կոչ չի արել և հարց բարձրացրեց՝ արդյոք հեղաշրջման անհրաժեշտության մասին իր խոսքերից հետո որևէ մեկը գնացել և փորձել է զավթել իշխանությունը։

«3 միլիոն վարչապետերից գնացել վարչապետի աթոռը քաշե՞լ է տակից, ասել՝ վայ, սրբազանը որ ասել է, այդ պատճառով աթոռը տուր, իմն է: Գրանցվե՞լ է որևիցե մի դեպք, որ ոստիկանության մի սերժանտ քարով խփեր կառավարության շենքի ապակին ջարդեր, ասեին՝ ինչ ես անում, ասեր՝ սրբազանը, որ ասել է հեղաշրջում, հեղաշրջում եմ անում: Որևէ մեկը, ըստ մեղադրող կողմի, իմ կոչի համապատասխան, որևիցէ հանցանք գործե՞լ է», - ասաց Միքայել սրբազանը:

«Մտան իմ օրագրի մեջ, որտեղ բարոյապես իրավունք չունին, բայց այնտեղ էլ բան չգտան». Միքայել սրբազան

Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ գարնանը վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով պահանջում էր կաթողիկոսի և այլ բարձրասիճան հոգևորականների հրաժարականը։

Աջապահյանի խոսքը զգացմունքային էր: Նա զայրույթով հիշեց՝ ինչպես իրեն ձերբակալեցին, խուզարկեցին կացարանը, առգրավվեցին իր անձնական օրագիրը՝ որակելով այն խայտառակություն։

«Ես ոչ մի դավադիր խոսք որևէ տեղ չեմ ասել: Դա վկայում է նաև օրագիրս: Քթները մտցրին նաև օրագրի մեջ, այսինքն՝ իմ մտքի մեջ, որտեղ իրավունք չունեին մտնելու, բայց այնտեղ էլ բան չգտան: Կարող է իրավականորեն իրավունք ունեին, բայց բարոյապես իրավունք չունեին: Մտան օրագիր, որպեսզի գտնեն իրենց ուզածը, չգտան», - ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ելույթը լի էր գրական մեջբերումներով, Բուլգակովյան Վարպետն ու Մարգարիտային հիշեց, ցիտեց Պիղատոսին, հիշեց Հուդային. «Ոչ ոք չի խուսափի Աստծո պատժից, ոչ ոք չի խուսափի: Պիղատոսն էլ չխուսափեց, իսկ Հուդան՝ առավելևս»:

«Համոզված եմ՝ բոլորը գիտեն, որ ես անմեղ եմ՝ ներառյալ նրանք, ովքեր պատվիրատուն են». Միքայել սրբազան

Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: Շիրակի թեմի առաջնորդեն իրեն մեղավոր չի ճանաչում, թեև արդար վճռի ակնալիք չունի. «Գալիս եմ ձերբակալության՝ մտածելով, որ չպիտի կալանավորեն, Մասիս Մելքոնյանը կալանավորում է, որովհետև այն, որ չեմ արել 16 ամիս, կարող է այս երկու ամսվա մեջ անեմ: Իրոք, շոկ է: Ես համոզված եմ, որ բոլորը գիտեն ես անմեղ եմ՝ ներառյալ մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, ովքեր պատվիրատուն են»:

Այսօրվա դատական նիստին մի քանի րոպեով ներկա էր նաև կալանավորված միլիարդատեր Կարեն Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:

Դահլիճը, որտեղ մեծամասնություն էին կազմում հոգևորականներն ու գյումրեցիները, բուռն արձագանքեցին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթին: Սակայն, անվրդով մնաց մեղադրական կողմը. «Նկատի ունենալով, որ կոչը հնչեցվում է համապատասխան լսարանի համար և արաքը նաև սերտ փոխկապակցված է այդ լսարանին կոչը հասու դառնալու հանգամանքների և պայմանների հետ, ուստի մեղադրանքի կողմը պնդել է, որ գործը ենթակա է եղել քննության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում»:

Օգոստոսի 15-ին մեկնարկած դատավարությունը ընթանում է շատ արագ։ 1 ամսում գործը հասավ ավարտական փուլ և սեպտեմբերի 22-ին՝ պաշտպանների արձագանքից հետո, դատարանը կհրապարակի վերդիկտը։