Մինսկի խմբի լուծարումն անջնջելի հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության վրա. արցախցիները դիմել են ԵԱՀԿ-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, Երևան, արխիվ

Հայրենիքից ու իրենց տներից ադրբեջանական զենքի ուժով տեղահանված արցախցիները տագնապած են Մինսկի խումբը լուծարելու քայլերից. «Եթե աշխարհն այնքան անտարբեր ու բարոյազուրկ է, որ կգնա այդ ճանապարհով, մենք շարունակելու ենք պայքարել այլ հնարավոր մեթոդներ ու միջոցներ ունենալու համար», - ասում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

Արցախի Ազգային ժողովի նախագահը150 հազար հայի անունից դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ կանգ առնեն, ամեն ինչ կորցրած մարդկանց իրավունքներն էլ հաշվի առնեն. «Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթին», - ասված է հայտարարության մեջ:

Օրերս Միացյալ Նահագներում արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը դիմեցին ԵԱՀԿ-ին, որ այս ձևաչափը լուծարվի:

«Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը», - երեկ Քելբաջարում իր հաջողության մասին ադրբեջանցիներին հայտնեց Իլհամ Ալիևը. «Իրականում այն անգործունեություն էր ցուցաբերում և չէր կարող գործել։ Սակայն, իրավաբանորեն, այն գոյություն ուներ, և հիմա նրա վերջը մոտենում է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Մինսկի խմբի համանախագահող երկրներից Միացյալ Նահանգներում սկիզբ դրվեց այս գործընթացին, մյուս համանախագահողը՝ Ֆրանսիան ողջունեց, Ռուսաստանը դեռ չի արձագանքել:

«Մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող արևմուտքը չի կարող անտեսել իրենց տներից բռնի տեղահանված 150 հազար մարդու իրավունքները»,- ասում է Արցախի նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը. «Իրատեսական եմ համարում, որ որևէ պետություն կարձագանքի կամ հաշվի կառնի, ինչու ոչ: Օրինակ՝ եթե Կանադայի ԱԳՆ հայտարարությունը նայենք, կտեսնենք, որ այդտեղ հղում է արվում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ վերադարձին»: Գեղամ Ստեփանյանին հուսադրում են ԵԱՀԿ պետություններից Կանադայի հայտարարությունները, որտեղ կարևորվում է վերադարձի իրավունքը. «Հետևաբար, ինչպես կարող եմ բացառել, որ օրինակ Կանադայի նման երկիրը կարող է օգտվել իր վետոյի իրավունքից», - ասում է Ստեփանյանը:

Արցախի Ազգային ժողովը կոչ է անում ԵԱՀԿ պետություններին վետոյի իրավունք կիրառել ու կանխել Արցախյան հարցի լուծման միակ կառույցի լուծարումը, քանի դեռ չեն ստեղծվել բնակչության անվտանգ վերադարձի ամուր երաշխիքներ. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հետևանքը լեգիտիմացնելու և նման կերպով կոնֆլիկտը հանգուցալուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի ու արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության հեղինակության և սկզբունքայնության վրա», - ասված է ԱԺ հայտարարության մեջ:

«Արցախի հարցը երբեք փակված չենք համարի». արցախցի

«Մենք Արցախի հարցը երբեք փակված չենք համարի, քանի որ ռազմական լուծում է եղել և այս պահին ոչ մի իրավական ձևով լուծում չի ստացել», - ասում է Սայիդա Պողոսյանը, ով ընտանիքի հետ Արցախից Երևան է եկել 2020-ին, երբ Ադրբեջանը գրավեց Հադրութը: Արցախի հայաթափումից ու Արցախի հարցը փակելու Փաշինյանի քաղաքականությունից հետո էլ հույսը չի կորցրել, որ կվերադառնան: Կարծում է՝ հարցը օրակարգում պահելու միջոցը Մինսկի խումբն է: Ինքն էլ է տագնապած, որ Ալիևն ու Փաշինյանը հարցը փակում են. «Այսօր մենք տեսնում ենք մի գործընթաց, որը որքան բացասական հետևանքներ կունենա մեր հետագա Արցախ վերադարձի խնդրի հետ կապած: Մենք շարունակելու ենք Արցախ վերադարձի հարցը բարձրացնենք այնքան ժամանակ, մինչև որ լուծում ստանա», - ասում է Սայիդան:
Վերադարձի հարցը արցախցիների համար երբեք չի փակվելու ու միշտ պայքարելու են, որքան էլ դրան դիմադրի Հայաստանի գործող կառավարությունը, կարծում է Սայիդան. «150 հազար արցախցի պետք է ունենա հնարավորություն նորից ապրելու իրենց հողում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը խոսել են իրենց ձեռքբերումներից

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած վարչապետ Փաշինյանը փակել է Արցախի էջը: Մարդկանց՝ հայրենիք վերադառնալու պահանջը համարում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու խոչընդոտ, սպառնալիք: Սա կեղծիք է», ասում է Արցախի նախկին օմբուդսմենը, շարունակելով՝ Ալիևի պահանջները վաղուց հատել են Արցախի սահմանն ու հասել Հայաստանին: