Մոլդովան՝ բախտորոշ ընտրությունների շեմին

Ո՞վ կհաղթի կիրակի օրը Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Տեղացի սոցիոլոգներն ու քաղաքական վերլուծաբանները այս հարցի պատասխանը դեռ չունեն։

Վերջին հարցումները վկայում են, որ սեպտեմբերի 28-ի ընտրություններին մասնակցող ուժերից և ոչ մեկը ի վիճակի չի լինի այնքան քվե հավաքել, որպեսզի դրանք բավարարեն միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։

CBS հետազոտական կենտրոնի կողմից իրականացված հարցման համաձայն՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» արևմտամետ կուսակցությունը գալիք կիրակի կարող տանալ քվեների 29, իսկ նրա հիմնական մրցակից, նախկին սոցիալիստ նախագահ Իգոր Դոդոնի ղեկավարած ձախ-կենտրոնամետ «Հայրենասիրական դաշինքը»՝ մոտ 13 տոկոսը։

Բացի այդ, ըստ սոցիոլոգների, նոր գումարման խորհրդարանում ներկայացված լինելու իրական շանսեր ունի գործարար Ռենատո Ուսատիի կուսակցությունը՝ քվեների մոտ 7 տոկոսով։ Մայա Սանդուն սակայն համոզված է՝ իր հիմնական մրցակիցը ոչ թե տեղական ընդդիմությունն է այլ Ռուսաստանը։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն

«Կրեմլը միլիոնավոր եվրոներ է ծախսում Դնեստրի երկու ափերին և արտերկրում հարյուր հազարավոր քվեներ գնելու նպատակով։ Մարդիկ ենթարկվում են հազարավոր կեղծ տեղեկությունների թունավոր ազդեցությանը, հարյուրավոր մարդիկ գումարներ են ստանում՝ քաոս և բռնություն սերմանելու, հանրությանը ահաբեկելու համար»,-երկուշաբթի օրը հեռարձակված ուղերձում հայտարարում էր Մոլդովայի նախագահը։

Մայա Սանդուի այս հայտարարությունները հնչեցին մոլդավական ընտրությունների վերաբերյալ BBC-ի և Bloomberg-ի հետաքննությունների հրապարակումից հետո։ Արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ Ռուսաստանը վճարում է Մոլդովայի քաղաքացիներին, նրանցից կազմված հատուկ փակ ցանցեր ձևավորում, որոնց գլխավոր նպատակը Ֆեյսբուքում և TikTok-ում կեղծ տեղեկություններ տարածելն է։ Եթե հավատանք լրագրողական հետաքննությունների արդյունքներին, ապա կարելի է եզրակացնոլ,որ ռուսական այս ցանցերը արդեն իսկ բավական լուրջ հաջողություններ են արձանագրել։ Մասնավորաբար, ըստ BBC-ի, TikTok-ի 90 օգտահաշիվներից բաղկացած ռուսամետ ցանցերից մեկին հունվար ամսից ի վեր հաջողվել է հազարավոր տեսանյութեր տարածել՝ ընդհանուր առմամբ դրանց համար 23 միլիոն դիտում և 860 հազար լայք ապահովելով։Երկուշաբթի օրն էլ հայտնի դարձավ, որ մոլդավական ոստիկանությունը ընդդիմության մոտ 7 տասնյակ ակտիվիստների է ձերբակալել՝ պնդելով, թե նրանք Ռուսաստանի հրահանգով հետընտրական անկարգություններ էին նախապատրաստում։

Մոլդովայի ընդդիմության առաջնորդ սոցիալիստ Իգոր Դոդոնի համոզմամբ, սակայն, այս մեղադրանքները կատարելապես անհիմն են։ Նախկին նախագահի համոզմամբ՝ իշխանությունների գործողությունների միակ նպատակը ընդդիմության հաղթանակը կանխելն է։

Մոլդովայի ընդդիմության առաջնորդ սոցիալիստ Իգոր Դոդոն

«Մայա Սանդուն և նրա սորոսական կառավարությունը փորձում են ահաբեկել մեր քաղաքացիներին։ Ամենօրա ռեժիմով իրականացվող հարյուրավոր խուզարկությունները, ընտրատարածքներում աշխատող մեր գործընկերների դեմ հարձակումները մեկ անգամ ևս վկայում են՝ Մայա Սանդուն և նրա կուսակցությունը սարսափում են ընտրությունների արդյունքներից»,-հայտարարում էր ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Իգոր Դոդոնը։

Պաշտոնական Մոսկվան իրեն ներկայացվող մեղադրանքները ևս հերքում է։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի համոզմամբ՝ մոլդավական ընտրություններին ռուսական միջամտության մասին պնդումները կարող են միայն մեկ բան նշանակել՝ Սանդուն և նրա թիմը բացարձակապես վստահ չեն, որ կարող են հաղթել սեպտեմբերի 28-ի ընտրություններում։

«Մոլդովան ներկայացնող պաշտոնյաների հակառուսական արտահայտությունները երբեմն հատում են ոչ միայն տարրական բարեկրթության այլև բանականության սահմանները։ Վերջին հակառուսական համազարկի պատճառները ակնհայտ են։ Մոլդովայի իշխանությունները և նրանց եվրոպացի հովանավորները փորձում են պահպանել իշխանական լծակների հանդեպ ունեցած մենաշնորհը։ Նրանք սակայն սեպտեմբերի 28-ի ընտրությունների արդյունքների առումով որևէ վստահություն չունեն»,-հայտարարել էր Զախարովան՝ մեկնաբանելով Մոլդովայում ծավալվող իրադարձությունները։

Մոսկվայի և Քիշնևի փոխադարձ մեղադրանքների հիմքում նաև հարևան Ուկրաինայում կատարվող իրադարձություններն են։ Մոլդովացի արևմտամետները պնդում են, որ ռուսամետ իշխանության ձևավորման դեպքում Մոսկվան հնարավորություն կստանա հավելյալ զորքեր կուտակել Մերձդնեստրում այնտեղից հարվածելով Ուկրաինայի թիկունքին՝ Օդեսայի ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարում էր Մայա Սանդուն։ Մոլդավացիներին ուղղված Մոսկվայի մեղադրանքները գրեթե հայելային են։

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը երեկ հայտարարեց, թե ԵՄ ցանկանում է, - «օկուպացնել Մոլդովայի տարածքը իսկ Մերձդնեստրի ահաբեկման համար արդեն իսկ ՆԱՏՕ-ի դեսանտ է նախապատրաստվում, որը տեղակայվելու է Օդեսայի մարզում»։

Այս ամենին ֆոնին սակայն գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ ինչպե՞ս են կիրակի օրը քվեարկելու մոլդավացի ընտրողները։ Սոցհարցումները վկայում են՝ անակնկալները չեն բացառվում, քանի որ ընտրազանգվածի 40 տոկոսը կամ հրաժարվում է պատասխանել սոցիոլոգների հարցերին կամ էլ դեռ չի կողմնորոշվել ԵՄ, թե Ռուսաստանի աջակիցներն են իրեն ավելի հոգեհարազատ։