Նախկին պատգամավորը մեղադրյալ՝ իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարցազրույց է տալիս Հ2-ն, Երևան, 1-ը հուլիսի, 2025թ.

«Եթե ինքը հրաժարական չի տալիս, այո, ականջներից բռնել, դուրս շպրտել». - հուլիսի 1-ին Երկրորդ ալիքի եթերում հնչեցրած այս խոսքերի համար նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով: Դատարանն օրերս նրան կալանավորեց երկու ամսով:

«Դա կկոչվի հեղաշրջում կկոչվի, ապստամբություն կկոչվի, չգիտեմ ինչ կկոչվի, ինքը խախտել է Սահմանադրությունը, ինքը գլխատել է պետությունը», - հայտարարել էր նախկին պատգամավորը:

Հակոբյանը երրորդ ընդդիմադիրն է, որ կալանավորվում է նույն այս հոդվածով՝ իշխանությանը քննադատելու համար: Առաջինը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը եկեղեցու դեմ արշավ սկսած վարչապետին քննադատեց, նրան էլ հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջման անհրաժեշտության մասին հայտարարությունը:

«Էդ որ ոմանք ասում են սահմանադրական ճանապարհով, բայց միայն ասում են պետք է ընտրություններ, և այլն, և այլն, խնդիրը այստեղ այլ տեղ է՝ խնդիրը այնտեղ է, որ քո Սահմանադրության հերն անիծել են: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիոնյանի հետ միասին իրենց ոտքերը մաքրում են բոլոր ուժային և քրեաիրավական, դատական իշխանությունների վրա», - պնդել էր Հակոբյանը:

Նախկին պատգամավորն իր հարցազրույցում քննադատում էր վարչապետ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունը, ընդգծում էր, որ նման դեպքերում, երբ իշխանությունները խախտում են սեփական քաղաքացիների իրավունքները, միջազգային իրավունքը նրանց թույլ է տալիս ընդհուպ ապստամբություն անել: Հիշեցնում էր, որ այս մասին դեռ երկու տարի առաջ է ասել խորհրդարանական լսումներից մեկում:

Այս արտահայտությունների համար կալանավորված և մեղադրյալի աթոռին հայտնված 69-ամյա Հակոբյանը պահվում է Նուբարաշենի բանտում, մենախցում: Մեղադրանքը չի ընդունում:

«Հայրս բավականին պինդ է, ուղղակի առիթմիայի դեղեր ունի, որ ամեն օր պետք ա խմի, որպեսզի խնդիր չտա, էլի: Հատկապես էդ դատի օրն էլ, սկզբում որ դրել են փոքր սենյակում, էդտեղ օդի պակասից վատացել ա», - «Ազատությանը» ասաց Հակոբյանի որդին:

Սամվել Հակոբյանն այսօր բանտ էր տարել ոչ միան դեղեր, այլև հագուստ ու սնունդ, չնայած իշխանությունները հաճախ են հայտարարում բանտային սննդի որակի բարելավման մասին. - «Դե որ ուտելիքը լավն ա, թող գան իրենք էլ սնվեն»:

Սամվել Հակոբյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 21-ը հուլիսի, 2025թ.

Սամվել Հակոբյանը Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է: Անգիր գիտի հոր հնչեցրած մտքերը, որոնց մեջ իրավապահները հայտնաբերել են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր:

«Ուղղակի ականատես ենք լինում, որ ընդդիմադիրների խոսույթը քրեականացվում է, այսինքն՝ ցանկացած խոսք, որը դեմ է Նիկոլ Փաշինյանին, դա ենթակա է քրեական պատասխանատվության», - պնդեց նա:

Որդին ընդգծում է՝ հոր գործը քաղաքական է, նրան փորձում են պատժել ազատ խոսքի համար, կիրառում են երկակի ստանդարտներ, սա ընտրովի արդարադատություն է: Սամվելը հիշեցնում է բոլորովին վերջերս իշխանականների հարձակումը ընդդիմադիր պատգամավորների վրա, Արթուր Հովհաննիսյանի՝ վիզ պոկելու մասին հայտարարությունը, որն իրավապահները դեռ ուսումնասիրում են. - «Մենք ունենք իրավիճակ, որտեղ պատգամավորներին ընդդիմադիր 20-30 բերետով ծեծում են, իշխանականները մարդկանց սպառնում են իրենց ականջները կտրելով, լեզուն կտրելով, դրանից որևէ բան չի համարվում քրեական խոսույթ, քրեական պատասխանատվության ենթակա չէ»:

Դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանին թողնել ազատության մեջ անգամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց կամ տնային կալանքի ենթարկել: Սամվել Հակոբյանի խոսքով, քննիչը կասկածներ է հայտնել, որ ազատության մեջ նորից նման արտահայտություններ կհնչեցնի: Ասաց՝ ափսոս նիստը դռնփակ էր, հակառակ դեպքում հանրությունը կտեղեկանար հոր փաստարկների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը