Մերձավանի արյունոտ սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը մանրամասն ցուցմունք է տվել, հերքել իր մասնակցությունը, հայտարարում է Օհանյանի փաստաբանը:
«Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցից պարզ դարձավ, որ Նարեկ Օհանյանը ցուցմունքներ չի տվել, մինչդեռ, կրկնում եմ, որ Նարեկ Օհանյանը տվել է մանրամասն ցուցմունքներ, նկարագրել իր ամբողջ շարժը դեպքին նախորդող պահին, դեպքի պահին և դեպքից հետո, և վարույթն իրականացնող մարմինը այդ ցուցմունքները ստուգելու ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել: Քայլ առ քայլ պետք է ստուգեր ցուցմունքների հավաստիությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը:
Քննչական կոմիտեի նախագահն էր Հանրայինի հետ զրույցում հայտարարել, որ այս մեղադրյալը ցուցմունք չի տալիս, միայն թե այդ հայտարարությունից անմիջապես հետո Արթուր Պողոսյանը նրա ցուցմունքից մեջբերումներ էր անում. - «Ինքը նշում է, որ ըստ էության ինքը որևիցե առնչություն չի ունեցել, հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն մի հանգամանք է նշում. էն հարցին, թե օրինակ ինչպես հայտնաբերվեց էդ հանցագործության կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ըստ էության, ողջամիտ, էս պահի դրությամբ, առնվազն, պատասխաններ չի տալիս, նախաքննական մարմինը էս առումով իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ»:
Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալ է նաև մերձավանցի Գևորգ Հարությունյանը: Ըստ Քննչական կոմիտեի նախագահի՝ Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ սպանողն ինքն է՝ դրանով վրեժխնդիր է եղել այս տարվա փետրվարին սպանված Նարեկի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի համար: Իր կարծիքով՝ Մերձավանի սպանված համայնքապետի մտերիմներն են նրան սպանողները:
Պողոսյանի խոսքով՝ Նարեկ Օհանյանը կալանքի տակ է սպանությանը օժանդակելու հիմքով, բայց վերջինիս փաստաբանը պնդում է՝ մեղադրանքը դա չէ. - «Մեղադրանքը, որքան էլ որ տարօրինակ է, Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ մենք օժանդակող ենք, բայց այս պահին Նարեկ Օհանյանը կալանքի տակ է գտնվում որպես սպանություն կատարող անձ»:
Փաստաբանը պնդում է՝ Նարեկը սպանության հետ կապ չունի, դեպքի պահին տանն է եղել, և այդ փաստը ֆիքսված է տեսախցիկներով: Ինչո՞ւ այդ սարքերը չեն առգրավվել, հարցնում է. - «Կան բազմաթիվ տեսախցիկներ, որոնք արձանագրել են իր շարժը»:
Քննչական կոմիտեի նախագահը չի անդրադառնում հարցին, թե ինչո՞ւ չի ստուգվում տեսախցիկների բովանդակությունը, Արթուր Պողոսյանի խոսքից հասկանում ենք, սակայն, որ գիտեն, թե ինչ կա այդտեղ. - «Այլուրեքությունը ապահովելու համար ինքը մշտապես գտնվել է տանը, ընդ որում՝ նաև տեսախցիկների առջև կանգնած, որպեսզի հանցանքի կատարման ժամին հերքվի իր մասնակցությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, գիտակցում էր, որ առաջին կասկածը, կասկածյալների շրջանում ինքն է հայտնվելու»:
Քննչական կոմիտեի նախագահը հանցագործությանն օժանդակելու փաստական հիմք համարում է այն, որ հենց Նարեկի տան մոտ է հայտնաբերվել ենթադրյալ մարդասպանի հագուստը: Ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ այդ տարածք փակ չէր:
«Այդ հագուստը, որը որ հայտնաբերվել է, իր հագուստը չի: [Գտնվել է իր] տան մոտ, որը պարսպապատված չէ և հասանելի է ցանկացած անձի համար», - ընդգծեց փաստաբանը:
Հովհաննիսյանը վստահ է՝ Նարեկ Օհանյանն ի սկզբանե նշանակվել է մեղավոր, և այժմ իրավապահները փորձում են ապացույցները հարմարեցնել մեղադրանքին: Իսկ Քննչականը մի հանգամանք էլ է ընդգծում՝ կրակոցներից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանն իր տան տարածքում կրակ է վառել՝ նույն տարայի մեջ, որում հետո կիսաայրված հագուստն են հայտնաբերել:
Մերձավանի վերջին սպանությունը իրավապահները նախորդի շարունակությունն են համարում: Ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի ու նախկին ՔՊ-ական համայնքապետ Ախտոյանի միջև հակասությունների մասին Մերձավանում շատերն են խոսում: Օհանյաններն Ախտոյանի զարմիկներն են:
Իրավապահների պնդմամբ՝ փետրվարից համայնքը ոստիկանական հսկողության տակ է եղել, գիտեին, որ կողմերը լարված են, բայց սպանությունը 100 տոկոսով բացառել անհնար է, բացատրում էր Քննչական կոմիտեի նախագահը: Ի դեպ, հենց ինքն է նույն հարցազրույցում պատմում, որ ենթադրյալ մարդասպանը սպանությունից առաջ պարապել է, կրակել սովորել դաշտային պայմաններում, ապա տևական ժամանակ հետևել Վալոդյա Գրիգորյանի տան շարժին, և այս ամենը, պարզվում է, ոստիկանական օպերատիվ աշխատանքի պայմաններում: