Երկու քրեական գործ՝ 6 մեղադրյալ: Նոր Նորքի թաղապետարանում երեկվա ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու՝ առանց անուններ տալու հաղորդեց Քննչական կոմիտեն, «Ազատության» տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը թաղապետն է: Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ երեկ թաղապետարանում հարվածներ էր ստանում այդ թվում թաղապետից, մեղադրյալ է մեկ այլ գործով: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ծեծի գործով Չախոյանը այս պահին տուժող ճանաչված չէ:
Այս տեղեկությունները փոխանցած նրա փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց՝ մեղադրանքը կապ ունի ոչ թե թաղապետարանում տեղի ունեցած ծեծի, այլ՝ դրա նախորդ օրը նույն վայրում Չախոյանի ու Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամի իրականացրած ակցիայի հետ: Այս գործով երկրորդ մեղադրյալը, ըստ Եփրիկյանի, մայրաքաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն է:
«Բազմաթիվ են Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի մեր նախադեպային որոշումները, որոնցով ամրագրվում է, որ քաղաքացիական ակցիա իրականացնելու համար անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, այն էլ՝ խուլիգանության հանցակազմի իմաստով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եփրիկյանը:
Փաստաբանը միտում է տեսնում. - «Ինչ են ուզում անեն. իբրև թե դեպքի նախորդ օրը Մեսրոպ Մանուկյանը, Արթուր Չախոյանը սադրել են [Նոր] Նորքի թաղապետին, որը հաջորդ օրը արդեն ծեծի է ենթարկել վերջիններիս, որովհետև նրանց նկատմամբ էլ ֆիզիկական ներգործության հոդվածն են մեղսագրել, այսինքն՝ ուզում են ինչ-որ բալանսի բերել: Բայց դա այնքանով չի ստացվելու, որքանով որ նախորդ օրվա Արթուր Չախոյանի գործողությունները կապված են եղել բացառապես Նորքի թաղապետի ի պաշտոնե գործունեության հետ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չախոյանի ծեծի փաստով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետի նկատմամբԱրթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համարԱյս պատմությունը սկսվեց Նոր Նորքում գտնվող մի մանկապարտեզ ակտիվիստի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի այցից հետո: Նրանք վերանորոգման բացերն էին ցույց տալիս՝ հեշտությամբ պոկելով քարերը, պատի ներկն ու անգամ ասֆալտը: Որակի պատասխանատու համարում էին «Լիլիան Արմ» ընկերությանը, որը, ինչպես պնդել էին, իշխանության ներկայացուցչին է պատկանում: Նոր Նորքի թաղապետը, ինչպես պնդում էր ակտիվիստը, ի պատասխան զանգել էր իրեն, հայհոյել, ապա հայհոյանքները փոխադարձ էին դարձել:
Հաջորդ օրը ակցիան էր, երբ ընդդիմադիրները որոշեցին պատասխանել հենց թաղապետարանում՝ թաղապետի լուսանկարների վրա յոգուրտ լցնելով: «Ես կատարել եմ ակցիա, ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք», - հայտարարում էր ակտիվիստը:
Հաջորդ օրը Չախոյանն ու Մանուկյանը վերադարձան թաղապետարան: Հենց այդ ժամանակ էլ մի քանի հոգով ակտիվիստին ծեծի ենթարկեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վեճ, ծեծ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում՝ թաղապետի մասնակցությամբՈստիկանությունը ծեծից հետո թաղապետարանից Արթուր Չախոյանին բերման ենթարկեց, միջադեպից հետո թաղապետը շարունակում էր հանրային քննարկում վարել: Երեկվա դեպքերից հետո, փաստաբանի փոխանցմամբ, Արթուր Չախոյանը դեռ հիվանդանոցում է. - «Երևի այսօր կամ վաղը կներկայանանք դատաբժշկի, էլի, արդեն»:
Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որ անձամբ էր բռունցքներով հարվածներ տեղում, շարունակում է պաշտոնավարել, համենայն դեպս՝ նրա հրաժարականի մասին հայտարարություն չի եղել, «Ազատության» հետ զրույցում էլ պաշտոնյան հեռանալու ծրագրերից չխոսեց. - «Հարուցված է քրեական գործ, որևիցե հարցի չեմ պատասխանում»:
Արամ Սարգսյանը միջադեպը աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում է քննարկում
«Ոչ, Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չպիտի տա». - Նոր Նորքի թաղապետը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Եվրոպամետ ուժի նախագահը բռնությունը դատապարտում է, կողքին, սակայն, մի «բայց» է ավելացնում. Ըստ Սարգսյանի՝ կան իրավիճակներ, երբ պետական պաշտոնյան ի վիճակի չի լինում պատասխանել պաշտոնին բնորոշ զսպվածությամբ, մարդուն պատասխանում է այն լեզվով, ինչով դիմացինն է իրեն դիմել:
Արամ Սարգսյանը հարցազրույցում դժգոհ էր իրավապահներից, որ չեն կանխարգելել թե՛ Տեր-Մարգարյանի հայհոյանքը, թե՛ դրան հաջորդած դեպքերը, բայց այդպես էլ չխոսեց՝ ինչո՞ւ իր կուսակից թաղապետը չի դիմել իրավապահներին: Նա ավելի շատ ակտիվիստի պատասխանատությունից էր խոսում՝ պնդելով, թե Չախոյանն է սադրել, զրպարտել: Իսկ իր թիմակցի մասին խոսելիս շեշտեց ոչ թե ծեծի, այլ Տիգրան Տեր-Մարգարյանի հայհոյելու դրվագը՝ ասելով՝ թող իրավապահները գնահատական տան:
Ծեծին մասնակցած թաղապետի հրաժարականի հարցը Արամ Սարգսյանը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում էր քննարկում. - «Ես իհարկե չեմ արդարացնում նյարդերի չդիմանալը: Իմ համար ակնհայտ է, որ էդ ամեն ինչը սադրանք էր: Որ Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի էդ սադրանքին չգնար, էդ էլ եմ շատ լավ հասկանում: Ո՛չ Տիգրան Տեր-Մարգարյանը, ո՛չ մեր կուսակցությունը էս տարիներին չի պայքարել պաշտոնի համար: Բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո նման իրավիճակերում հայտնվելու են մնացած բոլոր պետական չինովնիկները: Որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում՝ Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանի Հանրապետությունում հասնել իշխանության: Իսկ ովքե՞ր են էդ թևի կողմնակիցները, դրա կողմնակիցները արդեն աշխարհաքաղաքական են՝ դա Ռուսաստանն է, դա Ադրբեջանն է: Ինչ են իրենք ուզում՝ Մեղրիով միջանցք և Հայաստանի ինքնիշխանության և ինքնուրույնության ամբողջական զրկում»:
Նրա կուսակցությունը՝ «Հանրապետություն»-ը ևս թաղապետարանում ուղիղ եթերում տեղի ունեցած խմբակային ծեծը նախկինների կողմից Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ սադրանք որակեց:
«Մենք ունենք խուլիգանություն, խոշտանգում առերևույթ, առնվազն, լավ, Քննչական կոմիտեի մակարդակով մենք ունենք ֆիզիկական ներգործության հոդվածը: Քո պաշտոնյան տրվե՞լ է էդ սադրանքին, ուրեմն քաղաքականապես հասուն չի քո պաշտոնյան», - ընդգծեց փաստաբան Եփրիկյանը:
Երևանի ավագանիում իշխանության հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամ՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը, «Հրապարակ»-ին ասել է՝ եթե Երևանի քաղաքապետը Տեր-Մարգարյանին ազատի Նոր Նորքի թաղապետի պաշտոնից, իրենք վայր կդնենք լիազորությունները։ «Իսկ «Հանրապետություն»-«Քաղաքացիական պայմանագիր» կոալիցիան կկազմալուծվի՞» հարցին ի պատասխան կրկնել է. - «Մենք վայր կդնենք մեր լիազորությունները»։
Վարչապետ Փաշինյանը մինչև այս պահ չի անդրադարձել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ու մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին:
Անցած հոկտեմբերին վարչապետը խոսքը բռունցքով փոխարինելը շատ լուրջ խնդիր էր համարում: Այդ հայտարարությանը նախորդել էր խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահի և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև սկանդալային վեճը:
«Հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի: Ու սա շատ լուրջ պրոբլեմ է», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի». Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում սկանդալից հետոԴեպքին անդրադարձել է Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դատապարտելով տեղի ունեցածը՝ նաև տարակուսել էին, որ իրավապահները ծեծին նախորդած իրադարձություններին որևէ գնահատական չէին տվել: Իշխող թիմը ծեծը հենց դրա հետևանք էր համարել: