Երևանում կինոտոն է։ «Ոսկե ծիրանի» առաջին արցունքներն ու ժպիտներն այս տարի հենց սկզբից՝ բացման արարողության ժամանակ ապահովեցին իրանական ֆիլմը միջազգային բրենդ դարձրած հեղինակավոր կինոռեժիսորներ Ջաֆար Փանահին ու Ամիր Նադերին:
Երևանյան փոքրիկ դահլիճը դարձավ այն վայրը, որտեղ երկու կինոհսկաները տասնյակ տարիներ անց հանդիպեցին, որպեսզի իր ստեղծած արվեստի պատճառով հայրենիքը լքած Նադերին Փարաջանովյան թալեր մրցանակը ստանար հենց իր հայրենակցից՝ Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Փանահիից, որն էլ իր կինոխոսքի պատճառով ավելի քան 14 տարի անազատության մեջ էր։
Միայն անցած տարի Փանահիին հաջողվեց հատել սահմանը, և Երևանն ու «Ոսկե ծիրանը» դարձան ազատության առաջին վայրը։
Այս տարվա կինոտոնը պետք է սկսվեր Փանահիի վերջին՝ «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը մայիսին Կաննում գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենուն էր արժանացել։ Բայց սցենարում փոփոխություններ եղան ... ֆիլմի ցուցադրությունից րոպեներ առաջ անակնկալ բեմ բարձրացավ դահլիճում մի տեղ թաքնված Փանահին։
«Տիկնայք ու պարոնայք, ոմանք միայն կինո չեն նկարահանում, նրանք ճամփա են ստեղծում։ Նրանք վիթխարի ծառեր են, որ արմատներ ունեն, որոնց կողքին աճում են ուրիշ ծառեր, որ դիմացկանության դասն են սովորում այդ վիթխարի ծառից։ Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին։ Նա ինձ շատ բան է սովորեցրել, հավատացեք՝ նա միակն մարդն է, որ ինձ սովորեցրեց դիմակայել, որ որևէ արգելք չի կարող խանգարել քեզ նկարել քո կինոն։ Եվ այս երեկո ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծ ռեժիսորին։ Վարպետ Ամիր Նադերի», - հայտարարեց Ջաֆար Փանահին:
«Պարոն Փանահի, ես չգիտեմ՝ ինչ ասել, Դուք ուղղակի ինձ խենթացրեցիք այս գիշեր ... Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է: Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ ռեժիսորներին, որպեսզի պարոն Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա», - պատասխանեց Ամիր Նադերին:
Իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր Նադերին այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկն է: Նադերիի օրինակը խրախուսել է աշխարհում շատ երիտասարդ ռեժսիորների։ «Ազատության» հետ հարցազրույցում ռեժիսորը բացեց մի շատ պարզ գաղտնիք՝ ինչպես սահմանափակ հնարավորություններով ճեղքել անազատության պատնեշները. - «Լսեք ձեր սրտին։ Եթե բան ունես ասելու, մի հատ էլ լսիր սրտիդ: Քո ճշմարտությունը, քո փորձը ցույց տուր, այն, ինչին ինքդ ես հավատում: Տեսախցիկը շատ խելացի է, սուտը միանգամից բռնում է։ Ես կուզեի, որ երիտասարդները լսեին իրենց սրտին: Կսպասենք, որ փոխեն կինոաշխարհը»:
Նադերիի ֆիլմերի հերոսները հիմնականում միայնակ մարդիկ են, որոնք չեն հանձնվում ու չեն դադարեցնում իրենց պայքարը։ Հարևաններ Հայաստանն ու Իրանը շատ տարբեր են, բայց մարդկային հույզերը՝ շատ նման, ասում էր Իրանի հետհեղափոխական շրջանի ամենաշրջադարձային ռեժիսորը:
«Մի քանի օր է այստեղ եմ, պաշտում եմ այս մարդկանց՝ հանգիստ, նրբանկատ: Ես հավատում եմ, որ շատ շուտով հայկական կինոն մեծ վերելք է ապրելու», - ասաց իրանցի ռեժիսորը:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Երևան, 13-ը հուլիսի, 2025թ.
Իսկ փառատոնն այս տարի կազմակերպվեց մեծ դժվարությամբ, խոստովանում է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Իրան - Իսրայել վերջին հակամարտությունը տարածաշրջանը կինոյի համար վտանգավոր էր դարձրել:
«Եվ նաև ինչ-որ առումով օգտագործելով այդ իրավիճակը, շեշտադրելու այդ ամենը փառատոնի ծրագրում, որովհետև մենք ոչ թե ժամանցային ֆիլմերի վրա ենք կենտրոնանում, այլ այն ֆիլմերի, որոնք հենց այդ իրականությունը, որոնց հետ առնչվում ենք մենք և տարածաշրջանը և աշխարհը, ավելի մոտ բերենք, ավելի մատնացույց անենք, ավելի զգայուն, խոցելի և ցավոտ շատ դեպքերում դարձնենք, բայց առերեսվենք այդ ամենի հետ: Եվ դա արտացոլվում է թե՛ ծրագրերում ֆիլմերի, թե՛ հատուկ հյուրերի», - ասաց Ավետիսյանը:
Մարկ Մյուլլերը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 13-ը հուլիսի, 2025թ.
Այս տարվա հատուկ հյուրերից մեկն էլ աշխարհի խոշորագույն կինոփառատոններ ղեկավարած Մարկո Մյուլլերն է, որը եվրոպական կինոաշխարհի համար բացահայտել է տասնյակ արևելյան մեծ արվեստագետների: Տասը տարի առաջ Փարաջանովյան թալերի արժանացած Մյուլլերը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ այս տարածաշրջանում շատ ուժեղ է բաբախում կինոյի ապագայի զարկերակը:
«Ափսոս, որ ամռանը շատ փառատոնի կազմակերպիչներ արձակուրդի մեջ են։ Եթե որևէ մեկը գոնե մեկ շաբաթ անցկացներ Երևանում, կհասկանար՝ ինչ է սպասվում ամբողջ տարածաշրջանի կինոարտադրությունում», - ընդգծեց Մյուլլերը:
Տպավորված հատկապես հայկական նոր կինոարտադրողներով՝ Մյուլլերը մի պնդում էլ արեց. - «Ոսկե ծիրան» փառատոնը ամենևին կարիք չունի պայքարել աշխարհի մեծ կինոփառատոնների կողքին հայտնվելու համար։ Այն այս տարածաշրջանում ամենալուրջ փառատոնն է, որ համարձակություն ունի մնալու մարդակենտրոն ու հանդիսատեսին ցույց տալու՝ սրանք են այն կարևոր ժապավենները, որոնք պետք է տեսնել այս տարի»:
«Պետք է դիտել»-ի ցանկում այս տարի հայտնվեց հայերի մասնակցությամբ օսկարակիր «Անորա»-ն։ Շոն Բեյքերի դրամայում նկարահանված հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը «Ազատությանը» հայտնեցին, թե հենց սկզբից ճանապարհ էին հարթում, որ ֆիլմը «Ծիրանին» հասնի։
Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը զրուցում են «Ազատության. հետ, Երևան, 13-ը հուլիսի, 2025թ.
«Մենք՝ ես ու Վաչեն էսօրվա մասին խոսել ենք երևի կինոն հանելու ժամանակ որ երնեկ էն օրը գալու է, որ իրար հետ գնալու ենք «Ոսկե ծիրան.՝ էս ֆիլմը ներկայացնենք», - ասաց Կարագուլյանը:
«Կարենը վստահ ասում էր, ես էլ ասում էի՝ «տեսնես կլինի՞ տենց բան», ավեի ոգևորված էինք սրա համար», - հավելեց Թովմասյանը:
Ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 13-ը հուլիսի, 2025թ.
Առաջիկա յոթ օրերում կլինեն նաև հայկական կինոյի դեբյուտային փորձեր, համաշխարհային աստղերի հետ հանդիպելու մի շարք առիթներ, քննարկումներ։ Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Հայաստան է ժամանել նաև անվանի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի և «Սեզարի» մրցանակակիր Աբդեռահման Սիսակոն, ով էլ կգլխավորի կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրին։ Այս ժյուրիի կազմում է նաև ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանը:
«Մի ժամանակ, որ հիմա աշխարհը ստեղծում է միայն պատեր, «Ոսկե ծիրանը» ստեղծում է կամուրջ է ստեղծում», - «Ազատությանը» ասաց Նազարյանը:
Եվ արվեստի այս կամուրջը չափելի չէ՝ ոչ տարածքով, ոչ էլ ժամանակով։
Կինոփառատոնն իր հարգանքի տուրքը կմատուցի «Եռանկյունի» ֆիլմի սցենարի հեղինակ Աղասի Այվազյանին և բեմադրող ռեժիսոր Հենրիկ Մալյանին, ում 100-ամյա հոբելյանն է այս տարի: