Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման հերթական փուլն է տեղի ունեցել։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կողմերը վերադարձրել են մասնավորապես «ծանր վիրավոր և ծանր հիվանդ» զինծառայողների։
Պաշտոնական Մոսկվան ևս հաստատել է մի խումբ ռուս ռազմագերիների վերադարձի լուրը՝ հրապարակելով տեսանյութ, որում զինվորական համազգեստով զինվորականները ռուսական դրոշներ պահած «Ռուսաստան, Ռուսաստան» են վանկարկում:
Կողմերը չեն հստակեցնում գերությունից վերադարձած զինվորականների թիվը։
Գերիների փոխանակման շուրջ պատերազմող կողմերը համաձայնություն են ձեռք բերել այս ամսվա սկզբին Ստամբուլում։