«Փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար». Փաշինյանը արցախցիների վերադարձն անիրատեսական է համարում

Արցախցիները գալիս են Հայաստան, 25-ը սեպտեմբերի, 2023թ.

«Մարդիկ հարց են տալիս՝ ինչքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում». - վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում պատասխանելով եվրոպացի պատվիրակի հարցին, անիրատեսական համարեց արցախցիների վերադարձը իրենց հայրենիք:

Ավելին, Փաշինյանն այս խնդրի քննարկումն անգամ վտանգավոր համարեց խաղաղության գործընթացի համար. - «Եվ ընդհանրապես, փախստականների վերադարձի թեման էս համատեքստում՝ բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի»:

Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Փաշինյանն ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ հենց այս բանաձևի վրա և չանդրադառնալ վիճահարույց հարցերին:

«Եվ առաջիկ տասնամյակներում, եթե շատ ուղիղ և գուցե ոչ էդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա», - ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է արցախցիների ճակատագրին, ապա Հայաստանի վարչապետը, ԵԽԽՎ-ի առջև ներկայացնելով իր տեսլականը, նշեց, թե միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստականները պետք է հաստատվեն Հայաստանում՝ որպես Հայաստանի քաղաքացիներ:
Փաշինյանն ասաց, որ արդեն իսկ արցախցիներին տներով ապահովելու ծրագիր են սկսել, որը թեև դժվարությամբ է աշխատում, բայց հույս ունեն, որ առաջիկայում այն ավելի արդյունավետ կգործի:

«Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում: Սա է մեր ռազմավարությունը», - նշեց վարչապետը:

«Արդյո՞ք անում ես քեզնից կախվածը, որ արցախցիները մնան և տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում». - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարց է տալիս է վարչապետ Փաշինյանին՝ արդյո՞ք նրա կառավարությունը բավարար քայլեր ձեռնարկում է, որ իրենց հայրենիքից բռնի տեղահանված և սոցիալական ծանր խնդիրների առջև հայտնված արցախցիները չլքեն Հայաստանը:

Ստեփանյանը տվյալներով է հակադարձում Փաշինյանին. սեպտեմբերի դրությամբ՝ տեղահանված 16 հազար արցախցիներ արդեն հեռացել են Հայաստանից՝ սոցիալական ծրագրերում, այդ թվում՝ բնակարաններով ապահովման ծրագրում առկա խնդիրների պատճառով:

Թեև վարչապետը ԵԽԽՎ-ում հայտարարեց, թե փախստականներին դժվարություններով, բայց բնակարաններով են ապահովում, Արցախի օմբուդսմենը տեղեկացնում է, որ շահառու հանդիսացող 25 հազար ընտանիքներից բնակարանային ապահովոման ծրագրի շրջանակում բնակարանի սերտիֆիկատ են ստացել 2 հազար 938-ը, որից իրացվել է ընդամենը 972-ը: Այսինքն՝ 25 հազար շահառու ընտանիքներից անգամ հազարը դեռ բնակարան չեն ստացել:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված արցախցիների զգալի մասն, ի դեպ, այս տարվա հունիսից Կառավարության որոշմամբ զրկվեց 50 հազար դրամ աջակցությունից: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ եթե մինչ այդ ֆինանսական աջակցություն էր ստանում 100 հազար մարդ, ապա այժմ նրանց թիվը կրճատվել է կիսով չափ, նվազել է նաև տրամադրվող գումարի չափը:

«Հետևաբար, անգամ էդ պնդումը, որ իրենք պետք է մնան Հայաստանի Հանրապետությունում, տնավորվեն, բնավորվեն, մենք անգամ այդ ուղղությամբ հստակ քայլեր չենք տեսնում: Հակառակը՝ տեսնում ենք անընդհատ, նաև՝ իշխանության ներկայացուցիչների կողմից, թիրախավորում, ատելության կամ թշնամանքի խոսքի տարածում արցախցիների նկատմամբ», - ընդգծեց Արցախի օմբուդսմենը:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում լիբերալ դեմոկրատների անունից Պետրա Օնիքսը Հայաստանի վարչապետին արցախցի փախստականների վերադարձից բացի նաև հարցրեց՝ արդյո՞ք խաղաղության գործընթացից զատ, քննարկվել է Ղարաբաղից տեղահանված անձանց գույքի դիմաց փոխհատուցման խնդիրը:
Եվրոպացի օրենսդիրը նաև հետաքրքրվեց՝ ղարաբաղցիների մշակութային ժառանգությունը վտանգված չէ՞ Ադրբեջանում:

Մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող խմբերը պարբերաբար ահազանգում են, որ Ադրբեջանը հայաթափված Արցախում վերացնում է հայկական հուշարձանները, ավերում գերեզմանատները, ձևախեղում կամ քանդում հայկական եկեղեցիները։ Ալիևի ռեժիմն անցել է նաև Արցախի պետական մարմինների ավերմանը՝ քանդելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի Ազգային ժողովի ու Արտգործնախարարության շենքերը:

Վարչապետ Փաշինյանը արցախցիների գույքի փոխհատուցման ու մշակութային ժառանգության պահպանման հարցին ուղիղ չպատասխանեց, միայն նշեց, թե «ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, այն ամեն ինչ չէ,որ ներառում է»: Ըստ Փաշինյանի՝ նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ և պլատֆորմներ: Թե կոնկրետ որ հարցերի մասին է խոսքը, այդ մեխանիզմները երբ են ստեղծվելու, ինչպես են աշխատելու, վարչապետը չմանրամասնեց:

Ի դեպ, Փաշինյանը ԵԽԽՎ-ին տեղեցկացրեց, որ իր կառավարությունն առաջիկայում ծրագրում է Լեռնային Ղարաբաղի փախստականների մասնակցությամբ համաժողով կամ աշխատաժողով հրավիրել, որտեղ էլ միասին կքննարկեն առկա խնդիրները: Կոնկրետ ժամկետներ ու այլ մանրամասներ վարչապետը չհստակեցրեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախցիների վերադարձըԴե Վաալ. «Ղարաբաղի էջը փակված է, որքան էլ փախստականների համար իրողությունը դառն է»Արցախցիների հանրահավաքի հիմնական պատճառը սոցիալական աջակցության կրճատումն է. քաղաքագետԲողոքի ակցիաները կշարունակվեն, փոխվարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարում են արցախցիները