Պակիստանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ «հավաստի հետախուզական տվյալներ» ունի, որ Հնդկաստանը մտադիր է շուտով ռազմական գործողություններ սկսել:
Երկու երկրների միջև լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո:
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճնշում գործադրել Հնդկաստանի վրա, որպեսզի վերջինս «զսպի հռետորաբանությունը և գործի պատասխանատու կերպով»:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դիմել է երկու երկրներին՝ հորդորելով «նվազեցնել լարվածությունը»: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մեկնաբանություններ չեն արել:
Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին սահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ, սակայն Պակիստանի կառավարությունը հերքեց, թե կապ է ունեցել 26 խաղաղ բնակիչների կյանք խլած հարձակման հետ։
Այդ միջադեպից հետո Նյու Դելին և Իսլամաբադը ձեռնարկել են փոխադարձ հակընդդեմ քայլեր, ներառյալ՝ նվազեցրել են դիվանագիտական և առևտրային հարաբերությունների մակարդակը, փակել գլխավոր սահմանային անցակետն ու չեղարկել վիզաները միմյանց քաղաքացիների համար։
Քաշմիրը բաժանված է Հնդկաստանի և Պակիստանի միջև, սակայն երկու երկրներն էլ պնդում են, որ այս շրջանն ամբողջությամբ պետք է իրենց պատկանի։ Քաշմիրը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև երեք պատերազմներից երկուսի հիմնական պատճառն է եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանն ու Պակիստանը հակամարտության եզրին են․ ահա թե ինչու