Քարաբերդում հանքարդյունաբերող ընկերությանը թույլտվություն տալը «շփոթմունք» էր. ավագանին փոխել է որոշումը

Փամբակի համայնքապետը, թեև անցած շաբաթ կայացած ավագանու նիստում հայտարարել էր, թե Քարաբերդում երկրաբանական ուսումնասիրություններ անելու նախնական թույլտվություն են տալիս «Զով-Գուժ» ընկերությանը, բայց հետո նորից ձայները հաշվել ու համարել են, որ ավագանին որոշում չի կայացրել:

Նշանակում է, որ Փամբակի ավագանին հանքարդյունաբերող ընկերությանը չի թույլատրում այստեղ ոսկի որոնել: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանն ասաց՝ ավագանու նիստում շփոթմունք է տեղի ունեցել. - «Համայնքի ղեկավարը, լսելով 6 կողմ, երևի, ավտոմատ կերպով հայտարարեց, որ որոշումն ընդունված էր։ Հետո ես եկել եմ իմ աշխատասենյակ, ասել եմ պարոն Կոստանդյանին, որ 6-ը դեռևս մեծամասնություն չէ»։

Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին հենց նիստի ընթացքում չասաց, արդյոք կաշկանդվա՞ծ է եղել, պատասխանեց. - «Չէ, կաշկանդված չեմ եղել, ես էլ էդ պահին չեմ հասկացել, հետո եկա, ՏԻՄ օրենքը բացեցի, հասկացա»:

ՏԻՄ օրենքով ձայների կեսից ավելին պետք է կողմ կամ դեմ լինի որոշում կայացնելու համար, մինչդեռ, ավագանու12 անդամների կեսը՝ 6 անդամ, կողմ էին քվեարկել, մյուս կեսը հավասարապես դեմ ու ձեռնպահ էին: Սակայն ավագանու քվեարկությունից անմիջապես հետո համայնքի ղեկավարը հայտարարել էր, թե որոշումն ընդունված է:

Փամբակ համայնքի փոքր՝ ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ ունեցող Քարաբերդ գյուղում ոսկի որոնելու քննարկումները տեղի են ունենում արդեն մի քանի տարի: Ավելի քան 10 անգամ տարբեր ընկերություններ գյուղ են եկել ու աղմկոտ հանրային լսումներ արել ու երբեք հանքի հետ կապված համաձայնություն չեն ստացել:

Այստեղ դեռ 2000-ականներին հանքարդյունաբերության թույլտվություն ստացած «Ասսաթ» ընկերությունն ընդհատումներով է աշխատել: Հանրային լսումներում գյուղի բնակիչներից ոմանք ասում էին՝ գոնե եղածը չընդլայնեն, նոր տարածքներ հանքեր չդարձնեն:

Բայց վերջին հանրային լսմանը, որ այս անգամ էլ բուռն ու աղմկոտ էր, ներկա բնակիչներից շատերը կողմ էին արտահայտվում, նույնիսկ նրանք, որոնք նախկինում դեմ են եղել: Ներկա էին նաև բնապահպաններ, որոնք հիշեցնում էին հանքի վնասների մասին ու տեղացիներին հորդորում դեմ կանգնել հանքի հետ կապված ցանկացած գործընթացի:

Չնայած այս տարաձայնություններին, համայնքապետարանն արձանագրել էր, թե գյուղի բնակիչները կողմ են ու հարցը դրել էր ավագանու քննարկմանը, բայց, փաստորեն, դեմ եղավ, որ «Զով-Գուժ» ընկերությունն այստեղ ուսումնասիրություններ սկսի: Թե ինչ կանի ավագանին, արդյոք հարցը կրկին կքննարկի, թե՝ ոչ, աշխատակազմի քարտուղարը հստակ չպատասխանեց: Ասաց՝ դեռ հայտնի չէ. «Ես չեմ կարող ասել, հարցը կներկայացվի, արդեն ընթացակարգը կերևա»:

Ի դեպ, մինչ այս պահը Փամբակի համայնքապետարանի պաշտոնական էջում ավագանու նիստի արձանագրությունը տեղադրված չէ: Աշխատակազմի քարտուղարն ասաց մինչև վաղը ժամանակ ունեն արձանագրությունը տեղադրելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քարաբերդում հանքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրվեց «Զով-Գուժ» ընկերությանը