Փարիզում կայացել է Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:

Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության նպատակադրումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպումից հետո X-ի իր էջում Մակրոնը գրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար:

«Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՀ նախագահը համոզված է՝ Հայաստանը դերակատարություն է ունենալու Եվրոպայի ապագայումՓաշինյանը Բրյուսելից մեկնել է Փարիզ, որտեղ կհանդիպի Մակրոնի հետ«Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը միտված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը». Փաշինյան