Փաշինյան. «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն մտահոգում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, մտավախություն ունի, թե, իր խոսքով, «կլանի ղեկավար Վարդանիկն» ամեն ինչ անում է, որ քաղաքում շինաշխատանքներն իրեն վերագրվեն, ու խնդրեց, որ վարչապետը դրան գնահատական տա: Սարուխանյանը մտահոգված է նաև, որ Ղուկասյանն իր ռուսամետ հայտարարություններով սասանում է Հայաստանի ինքնիշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հարցին արձագանքեց. - «Հատուկ հանձնարարական եմ տվել տարածքային կառավարման նախարարին, որ Գյումրիում ծրագրերը շարունակվեն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, կարծում եմ՝ գյումրեցիները պետք է գնահատական տան, շատ կարևոր է, և երկրորդը՝ մյուսները ևս պետք է գնահատական տան, մենք բոլորս նույնպես»:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից: Քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում, ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - շարունակեց վարչապետը:

«Կարծում եմ՝ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար: Եվ վերջում էլ թյուրիմացաբար հասնեն այդ կարգավիճակին, ես կարծում եմ՝ թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը», - հայտարարեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետի որդին. Վարդան Ղուկասյանն իր վարկածն ունիՄարտուն Գրիգորյանը ՔՊ-ին վրեժխնդրության մեջ է մեղադրում, իշխանությունից դեռ չեն արձագանքել Ըստ Սարիկ Մինասյանի՝ Գյումրիում կառավարման խնդիրներ են առաջանալուՎարդան Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո հինգերորդ անգամ ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարՄարտուն Գրիգորյանի դաշինքը անհրաժեշտ թվով քվեներ կտա Վարդան Ղուկասյանին