Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ «պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»: Փաշինյանը նման կերպ արձագանքել է Թրամփի գրառմանը:
«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է վարչապետ Փաշինյանը:
Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը: Թրամփը կից գրել է. «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։
Թրամփին արձագանքել է նաև Ալիևը. «Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում»:
Ալիևը շեշտել է, որ Թրամփը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ. Հայաստանի ու Ադրբեջանի հետ բարեկամությունը հավերժական է