Փաշինյանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը

Տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքները և TRIPP նախագծի իրագործումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում քննարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է, որ ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։

Նրանք քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը:

Եվրոպացի առաջնորդները Ադրբեջանի նախագահի հետ այսօրվա հանդիպմանն ընդգծել էին՝ կշարունակեն ջանքեր գործադրել խաղաղության պահպանման համար ու հավելել, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացումը Եվրամիության համար կարևոր ուղղություն է։

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացի առաջնորդները Ալիևի հետ հանդիպմանն ասել են՝ կշարունակեն ջանքեր գործադրել խաղաղության պահպանման համար