Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հաստատեց՝ ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա:
Իշխանական պատգամավորներից Զարուհի Բաթոյանը խնդրեց Փաշինյանին անդրադառնալ այն մեկնաբանություններին, որոնք այս օրերին հնչում են, թե Փաշինյանի այցը Մոսկվա կվնասի Հայաստան-Արևմուտք հարաբերությունները:
«Մենք հրապարակային ասել ենք՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենևին չի մտնում հարաբերություններ կառուցել ի հաշիվ այլ հարաբերությունների: Եվ այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և խորացնելու, ինձ համար հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,- նշեց Փաշինյանը:
Նա նաև հավելեց՝ միջոցառումները կարևոր են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տարած հաղթանակի համատեքստում, կարևորեց նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկումը նման հանդիպումներին:
Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, վարչապետն ասաց՝ շփումներ կլինեն, բայց դրանք կֆորմալացվեն, թե՝ ոչ, դժվարացավ նշել:
Ավելի վաղ Հայաստանի ԱԺ խոսնակը չէր բացառել, որ վարչապետը կարող է որոշի չգնալ վերջին րոպեին կամ գնալ: «Հնարավոր է քովիդով հիվանդանա... շատ երկրների ղեկավարներ հիվանդացան, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը», - նշել էր Ալեն Սիմոնյանը:
Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Ապրիլի կեսերին էլ Եվրամության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասել էր՝ Եվրամիությունը շատ հստակ է արտահայտվել, չեն ցանկանում, որ անդամությանը հավակնող երկրները մասնակցեն Մայիսի 9-ի շքերթին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ զինվորականները Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթին չեն մասնակցի