Փաշինյանը Տիրանայում հանդիպել է Ալբանիայի վարչապետի հետ, պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցերին

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին:

Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ:

Ալբանիայի վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելուն:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանը, այդ թվում` քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Կառավարության լրատվական վարչության փոխանցամբ՝ Փաշինյանը և Ռաման մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման:

Հայաստանի վարչապետը Տիրանայից նաև տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին՝ ներկայացնելով պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ Սահմանադրության և Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շուրջ: Ըստ այդմ՝ ԵԱՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և խաղաղության պայմանագրի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի Սահմանադրական դատարանը՝ պայմանագրի ստորագրումից հետո:

Մինսկի խմբի լուծարումը և ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Ադրբեջանի նախապայմաններն են: Բաքուն Անկախության հռչակագրի մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ձևակերպման պատճառով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե լավատեսությունը երկուստեք արտահայտվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս». ԽանդանյանԲանակցություններ՝ Բաքվի նախապայմանների շուրջ. ընդդիմության պնդումն ու իշխանության արձագանքը Բաքուն սպասում է, որ Երևանը կատարի «ստանձնած պարտավորությունները». Բայրամով Փաշինյանն Ալիևին առաջարկում է Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրելԵթե ՍԴ-ն եզրակացնի՝ խաղաղության պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա խնդիրը լուծված է. Միրզոյան