Պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել. ՌԴ ՔԿ

Ռոման Ստարովոյտը ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնում, հոկտեմբեր, 2022թ.

Այսօր պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովից մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել:

Մինչև տրանսպորտի նախարար նշանակվելը Ստարովոյտը հինգ տարի ղեկավարել էր Կուրսկի մարզը: