Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց՝ զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածներ կան, այսօր էլ միայն հավելեց՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո են: Ոչ մի այլ մանրամասն տեղի ունեցածի վերաբերյալ:
Դեպքից շուրջ մեկ օր անց միայն Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ 8 զինծառայող է տուժել, քրեական գործ է հարուցվել:
«Ազատության» տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի զորավարժարանում, տուժածներն էլ պահեստազորայիններ են: Ռազմական գերատեսչությունից չեն հստակեցնում նաև այս տեղեկությունը:
Ի վերջո, ի՞նչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, տուժածները ժամկետային զինծառայողնե՞ր են, թե՞ իսկապես պահեստազորայիններ՝ ՄՈԲ, ի՞նչ վնասվածքներ են ստացել, ո՞ւմ և ինչպիսի՞ հսկողությամբ է ընթացել վարժանքը, անվտանգության ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ այս ու մի շարք այլ հարցերի պատասխաններ ՊՆ-ից չեն հայտնում:
Բանակի խնդիրներով զբաղվող «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով՝ ռազմական գերատեսչության այս երկու հաղորդագրություններն ավելի շատ հարցեր են առաջացնում:
«Արդյոք զինծառայողներն են սխալ օգտագործել ականանետը, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, արդյոք նշված զենքն օգտագործելու համապատասխան կարողություններ ունեցել են, թե ոչ, եղել են արդյոք նրանք ժամկետային զինծառայողներ, պայմանագրային, թե պահեստազորում հաշվառված անձինք, որովհետև յուրաքանչյուր դեպքում պատրաստվության տարբեր աստիճաններ կան: Եվ, բնականաբար, եթե խոսքը գնում է պահեստազորայինների մասին, բնական է, որ իրենց մոտ պատրաստվածությունը մի քիչ ավելի հետ է մյուսներից, որովհետև իրենք երկար ժամանակ չեն եղել զինվորական գործի մեջ, ակտիվ վարժանքներում, և հնարավոր է, որ իրենց պետք է ավելի շատ վերապատրաստել մինչև կոնկրետ գործողությունը», - ասաց նա:
Երեկվա պայթյունից հետո քրգործը հարուցվել է՝ զենք-զինամթերքի ու զինվորական ծառայությունների կանոնների խախտման հոդվածներով։ Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել:
Իրավապաշտպանն ասում է՝ քննությամբ պետք է պարզվի՝ պայթյունի պատճառը տեխնիկական անսարքության, մարդկային անփութության, թե՞ անվտանգության կանոնների խախտման հետևանք է:
Նա դրական քայլ է համարում, որ ՊՆ-ն հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանն այսպիսի դեպքերի մասին, բայց չնայած դրան ասում է՝ ռազմական գերատեսչությունն ընտրողական վերաբերմունք ունի դեպքերի հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցում:
«Ինչ-որ դեպքեր կարող ենք տեսնել, երբ պաշտոնական հաղորդագրություններ են տարածում օրինակ՝ զինվորական մեքենայի ավտավթարի հետևանքով վիրավորման դեպքերի, հիմնականում պաշտոնական տեղեկությունները տարածվում են, եթե մահվան դեպք է արձանագրվել: Եթե չի եղել մահվան դեպք, կա միտում որպես կանոն նման դեպքերի մասին առանձին հաղորդագրություններ չտարածել ՊՆ կողմից», - նշեց իրավապաշտպանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փորձագետները խնդրահարույց են համարում խստացումները, երբ ԶՈՒ-ում բազմաթիվ են չլուծված խնդիրները
Armlur լրատվականի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը վարժական հավաքի մասնակիցներին ուսուցանող փոխգնդապետ է: Քննչականն առայժմ չի հայտնում՝ արդյոք հարուցված վարույթով կասկածյալներ կամ ձերբակալվածներ կան: