Ոչ մերժում կա, ոչ էլ՝ հասկանալի բացատրություն: Երեք ամիս է՝ վանաձորցի Գայանե Ոփյանը դռնեդուռ ընկած փորձում է պարզել՝ ինչո՞ւ պետությունը 9 տարի առաջ մանկատնից իր ընտանիք տեղափոխված աղջկան չափահաս դառնալուց հետո չի տրամադրում հասանելիք նպաստը: Ավելի քան 3,5 միլիոն դրամն արդեն երեք ամիս չեն կարողանում ստանալ: Դիմումները բազմանում են, հիմնավոր պատասխանները՝ ոչ:
«Եթե մենք 9 տարին ամիսների վերածենք, հարյուր ամիս էդ երեխային ես պահել եմ, ու դեռ մի անգամ մեր ընտանիքում չի շոշափվել, որ «դու մանկատան երեխա ես»: Բայց էս երեք ամսվա ընթացքում հարյուր անգամ մեզ ասացին «դիմում գրեք»: Հարյուր անգամ էս երեխեն արցունքն աչքերին գրում ա, որ «ես մանկատան սան, մայրս մահացած, հայրս հրաժարված»: Բայց ո՞նց կարելի ա:
Մանկատան երեխաներին խնամատար ընտանիքներ տեղափոխելուց հետո պետությունը որոշակի գումար է սահմանել նրանց համար՝ հոգալու նվազագույն ծախսերը: Բացի այդ, երեխաների անունով հաշվարկվում է կերակրողին կորցրածի նպաստ, որը նրանք իրավունք ունեն ստանալ միայն չափահաս դառնալուց հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գայանեն:
Ավագ քույրը 18 տարեկան դառնալուց հետո առանց խոչընդոտների ստացել է իր հաշվին կուտակված գումարը: Մինչդեռ կրտսեր աղջկա դեպքում արդեն երեք ամիս է՝ ընտանիքի համար անհասկանալի պատճառներով գումարն ստանալ չի հաջողվում: Դիմել են բազմաթիվ պետական կառույցների՝ ընդհուպ վարչապետի աշխատակազմ, ու իրար հակասող պատասխաններ ստացել:
«Մեկ ասում են՝ բազայից դուրս է, էստեղ էլ ոնց որ բոլորը վախենան: Բա լավ, մեր էս սոցիալականում ինչի՞ են էդքան աշխատողներ վարձատրվում, միայն դիմումներ վերցնելու համա՞ր: Ինչ ասում ես, սենց վախեցած նայում են, թե պետը հանկարծ ինչ կասի: Լավ, խնամատարը մոտենում ա, մի հատ ասեք՝ «աղջիկ ջան, դեռահաս ջան, կա՛մ կստանաս, կա՛մ չես ստանա», - նշում է կինը:
Ընտանիքը միասնական սոցիալական ծառայությունից այս շաբաթ առաջին անգամ գրավոր պատասխան է ստացել, բայց սրանից ավելի են խճճվել: Պետական կառույցը հաստատել է, որ անցած 9 տարիներին աղջկա անունով գումար հաշվարկվել է, բայց զարմանալիորեն նշել են նաև, թե այն «վճարելու իրավական հիմքեր չկան»:
«Եթե երեխան մանկատնից դուրս է գրվում, ապա մանկատան ղեկավարը որդեգրողին կամ խնամակալին գրավոր ծանուցում է այն մասին, որ երեխայի կենսաթոշակի վճարումը շարունակելու համար անհրաժեշտ է գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Անցած 9 տարիներին նպաստի գումարը յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է, բայց հաշվի առնելով մանկատան երեխայի կենսաթոշակի գումարի վճարման յուրահատկությունը, հաշվարկված գումարը չի ներառվել բանկերի վճարման ցուցակներում», - ավելի քան երկու ամիս հարցն ուսումնասիրելուց հետո սա սոցիալական ծառայությունից ստացված պատասխանն է, առանց հասկանալի պարզաբանման՝ ինչո՞ւ արդեն գոյություն չունեցող մանկատան ղեկավարը պիտի ծանուցեր ընտանիքին:
Պարզ չէ նաև՝ եթե գումարը հաշվարկվել է, բայց տեխնիկական պատճառներով բանկերի վճարման ցուցակներում չի ներառվել, ի՞նչ ճակատագիր կունենա այդ 3,5 միլիոնը սրանից հետո: Միասնական սոցիալական ծառայության պատասխանն ավարտվում է հոռետեսական ձևակերպմամբ, թե «նպաստը վճարելու իրավական հիմքեր չունեն»:
Ծնողազուրկ քույրերին իր խնամքի տակ առած Գայանե Ոփյանը պետական այս կառույցի երկու էջանոց խրթին շարադրանքից գլուխ չի հանում՝ ինչո՞ւ ավագ աղջկա դեպքում իրավական հիմքերը եղել են, կրտսերի դեպքում՝ չքացել:
«Ես որ քույրիկի գումարն ստացա, հետաքրքրվեցի էս քույրիկի մասին, դե, ասեցին, որ ինքն էլ կդառնա չափահաս ու կստանա», - ասում է Գայանեն:
9 տարի առաջ Գայանեի կյանքը կտրուկ փոխվեց, երբ մանկատնից իր տուն տեղափոխվեցին վանաձորցի երկու քույրերը, որոնք այսօր արդեն չափահաս են: Ինքը 23 տարի երեխա չի ունեցել, բայց քույրերի իր տուն գալուց հետո նրա կյանքում անսպասելի հրաշք է տեղի ունեցել՝ ծնվել է իր փոքրիկը, որը շուտով երկու տարեկան կդառնա.
«Մեծ քույրիկը մեր տանից ամուսնացավ, բալիկ ունեցավ, կարելի ա ասել՝ ես թոռնիկ ունեցա, տատիկ դարձա սկզբում, շատ սիրեցի ու հետո մայրացա: Ես տենց եմ միշտ մտածում, և բոլորը, որ էդ թոռնիկի սերը, այդքան իմ մեծ նվիրումը, սպասումը ինձ մայրացրեց: Դրա համար ես հիմա վստահ կարող եմ ասել, որ ես ունեմ երկու աղջիկ ու մեկ տղա, և բոլորի համար հավասար մտածում եմ»:
Մինչ սոցիալական ապահովության պատասխանատուները երկու ամիս հարցն ուսումնասիրելուց հետո անհասկանալի պատասխան են ուղարկել, ընտանիքը շարունակում է սպասել գրասենյակների փակ դռների առջև՝ անորոշության մեջ: Ծնողազուրկ աղջիկներին արդեն 9 տարի իրենը համարող Գայանեն ասում է՝ շտապում են որքան հնարավոր է շուտ ստանալ աղջկա հասանելիք 3,5 միլիոնը, կրթության ծախսեր ունեն: Ընդամենը երեք ամիս առաջ չափահաս դարձած աղջիկը երազում է բժիշկ դառնալ:
«Կուզեմ, որ էս խնամատարությունը, որ զարգացնում են, նման ծառայություն մատուցողները մի քիչ մայր լինեն ու հասկանան, որ մենք երբեք տանը չենք ակնարկել երեխաներին, որ մենք ձեզ մինչև 18 տարեկանն ենք պահելու: Եթե որևէ խնամատար էդ մտքով վերցնի երեխային ընտանիք, իմաստ չուներ մանկատները փակել», - ընդգծում է Գայանե Ոփյանը: