Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, խորհրդարանում լրագրողներին հայտնեց կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
«Գիտեք, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում կան շփումներ, տարբեր նախարարների մակարդակում», - ասաց ԱԺ փոխխոսնակը:
Կոստանյանը նախօրեին Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջի հետ քննարկել էր տարածաշրջանային հարցեր, երկկողմ օրակարգը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ Ռուբեն Ռուբինյանը չներկայացրեց:
Ինչ վերաբերում է առաջիկայում վարչապետի Թուրքիա մեկնելուն, ապա նա հորդորեց սպասել կառավարության պաշտոնական հաղորդագրությանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չէր բացահայտել:
Ռուբեն Ռուբինյանը նաև ասաց, որ այս պահին իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդեր Քըլըչի հանդիպման համար հաստատված ժամկետ չկա: Վերջին անգամ բանագնացները հանդիպել էին ապրիլին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները