«Փորձանք է լինելու». հայտարարագրման վերաբերյալ ընդդիմության տեսակետը չի փոխվել

Դժգոհության ու շփոթի մեծ ալիք բարձրացրած եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն այսօր օրենքով փոխվեց: Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացիներ 2025-ին և 2026-ին իրենց հայտարարագրերը կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: Խորհրդարանը քննարկեց ու իշխանական պատգամավորների 63 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ հաստատեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

«Այսինքն՝ այն մարդկանց համար, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1–ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1–ը: Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը», - ասաց նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորն ընդունում է՝ իր իսկ թիմի կողմից բերված և ընդունված նախագիծը բովանդակային շտկման կարիք էլ ունի, բայց դեռևս կբավարարվեն միայն ժամկետներով, հույսով, որ մինչև վերջնաժամկետը հարկահավաք մարմինը կհասցնի ավելի լավ հավելված մշակել:

Նոր նախագծով ոչինչ չի փոխվում. գրանցված կամ քաղիրավական պայմանագիր ունեցող քաղաքացիները պարտավոր են լրացնել հայտարարագրերը, մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող են չհայտարարագրել: Եկամուտը միայն աշխատավարձը չէ, այլև բոլոր այն անձնական անկանխիկ փոխանցումները, որոնք ստացել են այլ անձանցից, պետք է լրացնել, անգամ, եթե այդ գումարները նվիրատվություն են կամ պարտքով են տրվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու ընդդիմության նախագիծը

Նոր նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլև հայտարարագրերի ներկայացման սկիզբը: Գործող օրենքով մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել ցանկացած օր, իսկ այսօր ընդունված փոփոխություններով՝ հայտարարգրի ներկայացման սկիզբը լինելու է մարտի 2-ը, ավարտը՝ նոյեմբերի 1-ը, սա վերաբերում է 2026-ի հայտարարագրումներին: Գործող օրենքով հայտարարագիր չլրացնելը պատժվում է 5000 դրամ տուգանքով:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ես պնդում եմ, որ սա փորձանք է լինելու ձեր գլխին, բայց սրա մասին իշխանությունները հիմա լռում են.... պատրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական հետապնդումներ են սպառնում այն քաղաքացիներին, որոնք չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երբ տեսնենք՝ քաղաքացիները ինչ եկամուտներ ունեն, ավելի լավ կաջակցենք». ՊԵԿ նախագահ

Եթե հաջորդ տարի քաղաքացիները քրեական պատասխանատվության ենթարկվեն հայտարարագիր չներկայացնելու համար, հրապարակային ներողություն կխնդրի Խամոյանից, հայտարարեց իշխանական Թունյանը, իսկ եթե չլինի նման բան, ապա Խամոյանը թող խնդրի: Ընդդիմություն -իշխանություն բանավեճն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվեցին. նախաձեռնությունը տապալված է՝ աշխատող 700 հազարից ավելի քաղաքացիներից միայն 35 հազարն եմ մինչ օրս հայտարարագիր լրացրել, նկատեց ընդդիմությունը:

Փոքր թվի պատճառներից մեկը մարդկանց՝ դեռևս նույնականացման քարտ չունենալն է, արձագանքեցին իշխանությունին, հավելեցին՝ այն մարդիկ, ովքեր մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չեն լրացնի անձնագրայինի հերթերի պատճառով, նրանց համար ժամկետները կերկարացվեն:

Իշխանությունը համաձայն է՝ նախագիծը խնդիրներ ունի՝ թե տեխնիկապես իրագործման, թե բովանդակության հետ կապված, չի բացառվում, որ հետագայում հանեն թոշակառուների պարտադիր հայտարարագրումը, ինչը նախատեսված է հաջորդ փուլում, երբ Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն միանալ այս համակարգին:

Ընդդիմությունը նախագիծը կիսատ-պռատ է որակում և հորդորում չեղարկել մինչև վերջնական մշակումը, իշխանությունը հիշեցնում է ՝ եկամուտների պարտադիր հայտարարագրում գործում է աշխարհի 145 երկրում: Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով, 2-րդ ընթերցումը կանցկացվի վաղը: