Ռուսական զորքը հաղթում է Ուկրաինայում ընթացող պատերազմում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու տարեդարձի առթիվ:
Ռուսաստանի նախագահն ասել է, որ երեք տարի առաջ Ուկարինայից բռնազավթված այս տարածքները ինքնուրույն են որոշել «վերադառնալ այն ընտանիք, որի մասն են կազմել միշտ» և Ռուսաստանն արել է այն, ինչ պարտավոր էր՝ աջակցել է նրանց այդ «վճռական, պատասխանատու ընտրության հարցում»։ Եվ այսօր, պաշտպանելով այդ ընտրությունը, Պուտինի խոսքով, ողջ Ռուսաստանը «արդար պայքար է մղում» դրա համար»։
«Միասին մենք պաշտպանում ենք մեր սերը հայրենիքի հանդեպ և մեր պատմական ճակատագրի միասնությունը, պայքարում ենք ու հաղթում, պաշտպանում ենք ազգային հիմնարար շահերը, ընդհանուր հիշողությունն ու արժեքները», - հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կիևը հայտարարել է՝ արևմտյան դաշնակիցներից հավելյալ ինքնաթիռներ կստանա
Չնայած Պուտինի պնդումներին՝ ԱՄՆ փոխնախագահը երեկ հայտարարել էր, որ ռուսական զինուժը մեծ կորուստներ է կրում Ուկրաինայում, իսկ տարածքային ձեռքբերումներն աննշան են:
Ուկրաինայի նախագահն էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ կոնկրետ Դոնեցկի Դոբրոպիլյա քաղաքի ուղղությամբ հետ են մղել ռուսական զորքին և ավելի քան 174 ք/կմ տարածք ազատագրել։
Զելենսկին նաև ասել է՝ ռուսական օդային հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է պաշտպանական համատեղ համակարգ ստեղծել Եվրոպայի արևելքում: Նաև առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի գործողությունները Բալթիկ ծովում, քանզի եվրոպական երկրների ուղղությամբ անօդաչուներ արձակվում են նաև այստեղից:
«Կարևոր է, որ վճռական գործենք։ Ռուսները ուրիշ ոչինչ չեն հասկանում։ Ռուսները պետք է իմանան, թե որտեղ են սահմանները և որն է այն գիծը, որը չպետք է հատել», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինան հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցներից շուտով հավելյալ ինքնաթիռներ կստանան, այդ թվում՝ ամերիկյան F-16, ֆրանսիական Mirage և առաջին անգամ՝ շվեդական Gripen ժամանակակից կործանիչներ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ Նորվեգիայի աջակցությամբ մինչև տարվա վերջ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության ևս երկու համակարգ կտրամադրեն, որոնց կարիքը Ուկրաինան շատ ունի ռուսական ագրեսիային դիմակայելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիության տրամադրած գումարներով անօդաչուներ կարտադրի:
Ուրսուլա Ֆոն դե Լայենն ընդգծել է, որ գումարը՝ շուրջ 2 միլիարդ եվրո, առաջիկայում կտրամադրվի վարկի տեսքով. «Սա Ուկրաինային թույլ կտա ընդլայնել արտադրությունը և օգտագործել իր ողջ ներուժը։ Եվ, իհարկե, դա նաև թույլ կտա Եվրամիությանը օգտվել այս տեխնոլոգիայից», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Եվրոպացի պաշտոնյան նշել է՝ վարկի համար երաշխիք կծառայեն ԵՄ տարածքում ռուսական սառեցված ակտիվները, իսկ վարկի մի մասը կհատկացվի նաև Եվրոպայի պաշտպանական գնումների համար։
Reuters-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտգործնախարարը Եվրոպական խորհրդի հոկտեմբերի նիստից առաջ կառաջարկեն «ԵՄ պաշտպանական կարողությունների ճանապարհային քարտեզ»: Այն առաջարկում է չորս նախագիծ, որոնք, կօգնեն ամրապնդել Եվրոպայի անվտանգությունը Ռուսաստանից եկող սպառնալիքներից: Նախագծերին կկարողանան մասնակցել ԵՄ բոլոր անդամները:
Կրեմլից մեղադրում են Եվրոպային
Կրեմլի խոսնակը մեղադրել է Եվրոպային՝ ասելով, որ անվտանգության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսելու փոխարեն անօդաչուներից պաշտպանվելու համար «բաժանարար» պատ են ցանկանում կառուցել։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ պատմությունը վկայում է՝ ցանկացած պատի կառուցում վատ նշան է. «Մենք տեսնում ենք, որ նրանք շարունակում են իրենց ռազմաշունչ կեցվածքը՝ փոխանակ մտածեն՝ ինչպես երկխոսություն ծավալել և դրա շրջանակում միասին անվտանգության երաշխիքներ փնտրել», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ռուսաստանի արտգործնախարարն էլ, անդրադառնալով Կիևին ամերիկյան Tomahawk հրթիռների հնարավոր վաճառքին, որոնցով Ուկրաինան կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, ասել է, որ այդ հարցով դեռ որոշում չկա: Ըստ Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ն Եվրոպայի ճնշման տակ պարզապես ցույց է տալիս, թե հաշվի է առնում դաշնակիցների կարծիքը, մինչդեռ զգույշ է և դրանք չի վաճառում «ում պատահի». «Եվ եթե նրանք համարում են, որ Ուկրաինան պատասխանատու պետություն է, որը դրանք պատասխանատվությամբ կօգտագործի, դա զարմանալի կլինի ինձ համար», - շեշտել է Լավրովը:
Մերց. Եվրոպան չի պատերազմում Ռուսաստանի հետ, բայցև խաղաղության մեջ չէ
Վերջին շրջանում ռուսական անօդաչուների կողմից եվրոպական երկրների օդային տարածքի խախտումների ֆոնին՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպան չի պատերազմում Ռուսաստանի հետ, բայց նաև խաղաղության մեջ չէ: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Ռուսաստանը նպատակ ունի թուլացնել Եվրոպան:
«Առաջին հայացքից կարող է մի փոքր ցնցող լինել ասածս ... մենք պատերազմի մեջ չենք, բայց այլևս խաղաղության մեջ էլ չենք: Ռուսաստանի պատերազմը մեր ժողովրդավարության և ազատության դեմ է», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը:
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները
Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածել Կիևին, Դնեպրոպետրովսկին և այլ շրջանների, հայտարել, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: Սումիում ռուսական անօդաչուի հարվածից ընտանիք է սպանվել: Հարևանը պատմում է, որ նրանք երկվորյակների էին սպասում. «Այո, նա ասում էր, որ երկվորյակների են սպասում։ Մենք դուրս էինք գալիս շենքից։ Իջանք նկուղ, հետո երկրորդ պայթյունը տեղի ունեցավ»:
Ուկրաինական զինուժն էլ հարվածել է ռուսական մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ Վոլգոգրադին, Բելգորոդին: Կասեցվել է Կալուգայի, Կրասնոդարի և Ստավրոպոլի օդանավակայանների աշխատանքը: