«Ռազմագերիների ազատ արձակում, արցախահայերի վերադարձ»․ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձևը

Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ, Եվրախորհրդարանն այսօր հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծում է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռազմագերիների ազատ արձակում, արցախահայերի վերադարձ»․Եվրախորհրդարանի բանաձևն այսօր կդրվի քվեարկության

«Մենք այլևս չենք կարող լռել», - երեկ բանաձևի քննարկմանը հայտարարեց փաստաթղթի համահեղինակներից Մարինա Մեժուրը։ - «Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ»։

Բանաձևը պահանջում է, որ Եվրամիությունը կոնկրետ պայմաններ դնի Ադրբեջանի առաջ, այդ թվում՝ պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաև երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ Արցախ նրանց վերադարձի իրավունքը։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել և հետևել հայերի դատավարություններին։

«Այս հարցով միայն մենք չէ, որ պիտի զբաղվենք», - հայտարարեց Կատարինա Վիերան։ - «Ես ուրախ եմ, որ այս խորհրդարանը շարունակաբար հետևում է այս հարցին, բայց, ցավոք, տպավորություն է, որ մենք եվրոպական միակ կառույցն ենք, որ զբաղվում ենք դրանով։ Մենք չենք կարող շարունակել նախկինի նման հարաբերվել Ադրբեջանի հետ՝ զոհաբերելով մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների դատըԱդրբեջանն օգտագործում է Ղարաբաղում մնացած հատուկենտ հայերին՝ նրանցից ցուցմունքներ կորզելով. իրավապաշտպանԳերագույն հոգևոր խորհուրդը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դադարեցնել հացադուլըՄիրզոյանը Նյու Դելիում խոսել է խաղաղության գործընթացի, հայ գերիների մասին

Պատգամավորների ելույթներում կարմիր թելով անցնում էր քննադատությունը Միության արտաքին քաղաքականությունը որոշող Եվրահանձնաժողովի հասցեին, որի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2022-ին՝ 44-օրյա պատերազմից ու Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներից հետո ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել Իլհամ Ալիևի հետ՝ ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ. ԱլիևԵվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Բելամին հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Ուկրաինայի դեմ Պուտինի հարձակումը պատժվում, իսկ Ալիևի ագրեսիան՝ մնում անպատիժ․ - «Ինչպե՞ս կարող եք արդարացնել գազի ներկրումը Ադրբեջանից։ Ինչպե՞ս կարող եք արդարացնել համագործակցությունը հանցագործների հետ, որոնք զազրելի ոճրագործություններ են իրագործում։ Արդյոք Բաքվից գազ ստանալը նույնքան անընդունելի չէ՞, որքան գազը Ռուսաստանից։ Նույն բանը չէ՞»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ

Եվրահանձնաժողովից էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսենն էր եկել քննարկմանը։ Նա, ի տարբերություն պատգամավորների կոշտ բառապաշարի, խուսափեց անգամ ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերից։

«Եվրամիությունը կշարունակի հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ հետևել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ արդար դատաքննությանը։ Մենք կօգտագործենք ամեն մի հնարավորություն՝ կոչ անելու Ադրբեջանին երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալվածների համար», - հայտարարեց Յորգենսենը։

Խոստանալով գործի դնել ամեն մի հնարավորություն, Եվրահանձնաժողողի ներկայացուցիչը չհաստակեցրեց՝ կլինե՞ն արդյոք այդ շարքում նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, ինչպես Եվրախորհրդարանն է առաջարկում։ Փոխարենը խոսեց տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունից՝ հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ - «Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն իրենց հասարակություններին տանեն խաղաղության ճանապարհով։ ԵՄ-ը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստակամ ենք օգնել տևական ու կայուն խաղաղության հասնելու՝ կողմերի երկխոսությանը»։

44-օրյա պատերազմից հետո Եվրամիությունը սկսեց ակտիվորեն զբաղվել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Եվրոպայի խորհրդի այժմ նախկին ղեկավար Շառլ Միշելն այն ժամանակ մի քանի հանդիպում նախաձեռնեց Փաշինյանի ու Ալիևի միջև։ Դրանց ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, սակայն, այդ թվում՝ գերիների ազատ արձակման մասին, մինչ օրս մնացել են թղթի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելը կարևորում է հումանիտար մատակարարումները և՛ Լաչինով, և՛ Աղդամով, վերահաստատում ԵՄ աջակցությունը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը

Այսօր, ի դեպ, մինչ եվրոպացի պատգամավորներըն Ադրբեջանին դատապարտող բանաձև էին ընդունում Ստրասբուրգում, նույն Շառլ Միշելը, որպես պաշտոնաթող դիվանագետ, Եվրոպայի միասնության ու արժեքների մասին ելույթ էր ունենում Ադրբեջանում։ Նա «Բաքվի գլոբալ ֆորումի» պատվավոր հյուրերից էր։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զենքերն ուղղված են մեր դեմ»․ Ալիևը մեղադրել է Երևանին, ԵՄ առաքելությանը դարձյալ «լրտես» անվանել