Երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել Զապորոժիեում այսօր առավոտյան քաղաքացիական ենթակառուցվածքներին և արդյունաբերական օբյեկտներին ռուսական զինուժի հարվածի հետևանքով, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ հարձակումն իրականացվել է ավիառումբերով, հարվածի հետևանքով վնասվել է 15 բազմահարկ շենք, 10 մասնավոր տուն, ոչ բնակելի տարածքներ, հարվածների վայրում հրդեհներ են բռնկվել։
Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական ուժերը երեկ երեկոյան էլ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլսկի և Սինելնիկի բնակավայրերն են թիրախավորել անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով, ըստ նահանգապետ Սերգեյ Լիսակի, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժածներ չկան։
Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածներից հրդեհներ են առաջացել բազմահարկ շենքում և մի քանի մասնավոր տներում, բեկորներից վնասվածքներ է ստացել մեկ մարդ։
Ըստ պաշտոնական Կիևի՝ Սումիում ռուսական հարվածներից վնասվել են արդյունաբերական օբյեկտներ և ուսումնական հաստատություն, հաղորդվում է մեկ վիրավորի մասին։