Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Ստամբուլում կսկսվեն մայիսի 16-ին․ աղբյուրներ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք առաջին ուղիղ բանակցություններն են վերջին երեք տարվա ընթացքում, կարող են մեկնարկել մայիսի 16-ին Ստամբուլում, հինգշաբթի երեկոյան հայտնել են ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները:

Բանակցությունների ստույգ ձևաչափն ու մեկնարկի ժամը դեռ որոշված չեն։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հինգշաբթի երեկոյան ասել է, որ ուկրաինական պատվիրակությանը կսպասեն առավոտյան ժամը 10-ին, ուկրաինական կողմը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Դեռևս հստակ չէ՝ խոսքը միայն երկկո՞ղմ բանակցությունների մասին է։ Թուրքական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ ուրբաթ օրը Ստամբուլում կլինեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև պատվիրակություններ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ-ի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ։ Սակայն պատվիրակությունների փոխգործակցության ձևաչափի մասին դեռ տեղեկություններ չկան։

Հստակ չէ նաև բանակցությունների օրակարգը. ըստ Ուկրաինայի ներկայացուցիչների, առաջինը պետք է քննարկվի հրադադարի հարցը, մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչները խոսում են «հակամարտության պատճառների վերացման մասին»: Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր բանակցություններ սկսել մայիսի 15-ին, ռուսական պատվիրակությունը նույն օրն առավոտյան ժամանել էր Ստամբուլ։ Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե պատրաստ է Ստամբուլում անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, Պուտինը, սակայն, այդպես էլ Թուրքիա չժամանեց՝ ուղարկելով պատվիրակություն՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։

Զելենսկին պնդել է, թե Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում, քանի որ այդպես էլ Ստամբուլ չուղարկեց մարդկանց, որոնք «իրականում կարող են որոշումներ կայացնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը չմեկնեց Ստամբուլ՝ Կիևի հետ բանակցելու ուղարկելով 8-հոգանոց պատվիրակություն