Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել է Մոսկվայի դումայի նախկին պատգամավոր, «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Մաքսիմ Կրուգլովին ձերբակալելու մասին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի մասին «ֆեյքերի» հոդվածով:
Ըստ իրավապահների՝ 2022 թվականի ապրիլին Կրուգլովը Տելեգրամ ալիքում «միտումնավոր կեղծ տեղեկատվություն է տարածել Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերի գործողությունների մասին»: Թե որ հրապարակման մասին է խոսքը, հայտնի չէ:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ քաղաքական գործիչը չի ընդունել իր մեղքը: Քննչական մարմինն այսօր նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու դատարան:
2019-24 թվականներին Կրուգլովը եղել է Ռուսաստանի մայրաքաղաքի դումայի պատգամավոր, 2023-ից «Յաբլոկո»-ի փոխնախագահն է: 2024-ին նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին՝ հավաքած ստորագրություններում անճշտությունների հիմնավորմամբ: