Ռուսաստանը հարվածել է Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR-ի նավթամբարին

Օդեսա, Ուկրաինա, արխիվ

Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR պետական ընկերության նավթամբարին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների համաձայն՝ «մի շարք ուղիղ հարվածներից հետո օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել»:

Ըստ ԱՊԱ գործակալության՝ ներկայումս իրականացվում է վնասի գնահատում։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով Ուկրաինայում ադրբեջանական նավթային օբյեկտներին հասված հերթական հարվածը, հայտարարել է, թե Բաքուն այժմ արդեն պետք է Ռուսաստանին պատասխանի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով՝ զենք վաճառի Ուկրաինային։

«Սա ակնհայտ սադրանք է՝ ուղղված Ադրբեջանի տնտեսական շահերին և էներգետիկ անվտանգությանը»,- պնդել է ադրբեջանցի պատգամավորը։