Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը փաստաբանները կբողոքարկեն
Թեև գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի պնդմամբ՝ նա չունի արդյունավետ պաշտպանությունից ներպետական ատյաններում, փաստաբանները չեն նահանջի. կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկեն նաև Վճռաբեկ դատարանում։ Պաշտպանական խումբը խոստանում է պայքարել մինչև հասնեն արդարադատության:
«Դա ակնհայտ, անմեղ անձի կալանքի վերացումն է։ Այնուհետև քրեական վարույթի էլ կարճում», - ասաց Վարդևանյանը։
Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը փաստաբանները բողոքարկել էին վերաքննիչում, բայց ոչինչ չփոխվեց։ Վերաքննիչն էլ ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոքը Վերաքննիչ է հասել դիմումը մուտքագրելուց 7 օր անց. փաստաբանը միտում է տեսնում60-ամյա գործարարին կալանավորելուց հետո ուրիշ մեղադրանք էլ առաջադրեցին՝ փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով, բայց փաստաբանների խոսքով՝ մինչև հիմա որևէ հիմնավոր կասկած չկա նրա մասնակցության մասին։ Դատարանն էլ հիմնավոր կասկած չէր գտել, որ այս մեղադրանքով կալանավորի, բայց քրեական գործը չեն կարճում։
«Ընդհանրապես այդպես է լինում, եթե հիմնավոր կասկածը չի հաստատվում երկու ատյանների մակարդակում և այն տրիվիալ պատճառաբանությամբ, որը կա, այսինքն այդքան ակնհայտ էր էլի, որ չի կարող հիմնավոր կասկած հաստատվել, ապա նման գործերը կարճվում են», - նշեց փաստաբան Վարդևանյանը։
Ըստ փաստաբանների՝ Կարապետյանի կալանքի հիմքում բացառապես եկեղեցին պաշտպանող մեկնաբանությունն է, որ քննիչներն ու դատարանը շարունակում են ներկայացնել որպես իշխանությունը զավթելու հրապարակային կոչ, ու թեև իրավաբանորեն կոչը համարվում է ձևական հանցանք, այսինքն, ըստ Վարդևանյանի, մեկնաբանության այդ պահին արդեն ավարտված գործողություն, երրորդ ամիսն է քննությունը շարունակվում է։
Ինչո՞ւ գործը դատարան չի հասնում
Ի՞նչն են քննում, ինչո՞ւ գործը դատարան չի հասնում, եթե բացառապես այս մեկնաբանությունն է. պաշտպաններն էլ են փնտրում այս հարցի պատասխանը. «Ինչի՞ գործը դատարան չեն ուղարկում: Ո՞նց է ստացվում՝ երկու հատ համանման գործը 20-օրյա ժամկետում ուղարկում են դատարան, ելքն են ասում գործի քննության, այստեղ 80 օր է՝ չե՞ն կարողանում»:
Իսկ ինչպե՞ս են քննիչներն ու դատարանը հիմնավորում, որ եկեղեցու պաշտպանությանը «Կարապետյանի ձևով մասնակցելու» նախադասությունը իշխանությունը զավթելու կոչի ենթատեքստ ունի, բովանդակություն. «Չկա ոչինչ, չկա ոչինչ»:
Բանասիրական ոլորտի գիտնականների, լեզվաբանների ու հոգեբանների փորձագիտական եզրակացություններն էլ ունեն, որ կալանքի հիմք դարձած մեկնաբանությունում որևէ կոչ չկա, մասնագիտական եզրակացություններից հատվածներ ներկայացրեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
«Օրինակ՝ Գրականության ինստիտուտի գիտաշխատող, Գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, վերջինս մեկնաբանելով կոչ բառը՝ դիմում, հրավեր, կանչ է։ Եվ վերլուծում է Սամվել Կարապետյանի միտքը և հանգում է հետևյալ դատողությանը՝ «այս նախադասությունը սեփական կարծիքի արտահայտություն է, որը չի պարունակում առհասարակ որևէ կոչ, առավել ևս չի արտահայտում իշխանությունը զավթելուն ուղղված կոչ», - ներկայացրեց Հակոբյանը։
Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արշակ Վարդանյանը, որ նախկինում դատավոր է եղել ու աղմկահարույց գործեր քննել, իրավաբանական խախտումներն ու իշխանական ուղղորդումները համադրելով եզրահանգում է. «Ողջամտորեն ենթադրում ենք, որ սա առանձնահատուկ գործ չի, այսինքն՝ մյուս բոլոր գործերի նման քննվող գործ է: Բայց որոշակի էլեմենտներ եթե համադրում ես ու նաև ուղղորդումներ գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչների կողմից այս վարույթի նկատմամբ, ակնհայտ է դառնում, որ այստեղ առանձնապես ոչ թե իրավաբանությունն է աշխատում, ցավոք, այլ՝ քաղաքականությունը: Իսկ եթե այդ երկուսը մի գործի մեջ կենտրոնանում են, պրակտիկան է նաև ցույց տալիս, որ քաղաքականությունը որպես կանոն հաղթողի դերում է»։
«Այլ բացատրություն, քան քաղաքական մրցակից դիտարկելը, չկա»
Իսկ ինչո՞ւ է «Ֆորբս»-ի ցանկով միլիարդատերը հայտնվել Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ի՞նչ ենթադրություն ունեն պաշտպանները, որ ամիսներ շարունակ պնդում են՝ սա ծայրից ծայր քաղաքական գործ է, իրավաբանության հետ աղերս չունի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին համարո՞ւմ է իր հնարավոր մրցակիցը։
«Քաղաքական մրցակից դիտարկում է, թե՝ ոչ, կարծում եմ, հաշվի առնելով, որ պարզապես Սամվել Կարապետյանը ասել էր՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, և այդ արտահայտությանը հաջորդեցին անթիվ և անհամար ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքով, որոշակի էմոցիայով ողողված, այդ տեսանկյունից երևի թե այլ բացատրություն, քան քաղաքական մրցակից դիտարկելը, չկա», - ասաց Վարդևանյանը։
Միլիարդատեր Կարապետյանը քաղաքական հավակնությունների մասին նախկինում հրապարակային հայտարարություններ չէր արել, բանտից քայլերը արեց։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագիր ունի, քաղաքական թիմ է ձևավորել, ինքն էլ առաջնորդն է։ Պարբերաբար բանտից ուղերձներ է հղում իր անելիքների մասին։ Վերջին ուղերձով Հայաստանի քաղաքացիներին խոստանում է աշխատանք ու բարեկեցություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյաններն ազդարարում են «Մեր ձևով» նոր շարժում սկսելու մասինՍամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը կոչվում է «Մեր ձևով», հենց այն ձևակերպումն է, որի պատճառով էլ նա հայտնվեց անազատության մեջ։
Վարչապետ Փաշինյանը Սամվել Կարապետյանի քաղաքական հավակնություններին այսպես էր արձագանքել՝ «Հայաստանը խոպան չէ» ու ընդգծել, որ Կարապետյանը երկքաղաքացի է ու չի կարող վարչապետի թեկնածու լինել։