Գյումրիի քաղաքապետին դուրս շպրտելու մասին վարչապետի հայտարարությունից հետո Փաշինյանի կուսակիցները մեկը մյուսի հետևից սկսել են պնդել, թե Վարդան Ղուկասյանը գնալու է: Բայց երբ ու ինչ սցենարով են պատկերացնում ընդդիմադիրների միավորման արդյունքում կես տարի առաջ քաղաքապետ ընտրված Ղուկասյանի հեռացումը, չեն բացահայտում:
Ընտրություններից կես տարի անց, վարչապետը օրերս խորհրդարանի ամբիոնից կասկածի տակ դրեց արդյունքները՝ պնդելով, թե ընտրակաշառք է բաժանվել, ու տեղի ունեցած թյուրիմացությունը պետք է շտկվի՝ նկատի ունենալով Ղուկասյանի համայնքապետ ընտրվելու հանգամանքը:
Ղուկասյանը ընտրություններից հետո, նաև՝ իր վերջին ասուլիսում, ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի սլաքն ուղղել էր հենց «Քաղաքացիական պայմանագրի» կողմը՝ ասելով, թե փաստեր ունի: Այդ դեպքում ինչո՞ւ չի ներկայացնում դրանք:
«Եվ ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանե ընտրակաշառքը: Կտամ էդ փաստերը, ես էդ փաստերը երբ պետք էղնի, կբարձրաձայնեմ կտամ», - վստահեցնում էր Գյումրիի քաղաքապետը:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը երեկ Հանրայինի եթերում գլխավոր դատախազին դիմեց, որ ընտրակաշառքի մասին Ղուկասյանի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում:
«Եվ ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի քրեակն գործ հարուցվի, պարզեն՝ արդյո՞ք եղել է որևիցե մեկ, անգամ 60 դրամի որևէ ընտրակաշառքի դեպք, և եթե չէ, մարդիկ իրենց հայտարարությունների համար պատասխան են տալու», - ասաց Մինասյանը:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ուսումնասիրում են:
Ինքը՝ Վարդան Ղուկասյանը 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրյալ է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման հոդվածներով: Գործը Հակակոռուպցիոն դատարանում մի քանի տարի է քննվում է: Միայն փողերի լվացման հոդվածով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսվում: Նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ կա: Նախընտրական վերջին օրերին ևս մեկ վարույթ ավելացավ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով, որում Ղուկասյանը դեռ որևէ կարգավիճակ չունի: Սրա համար հիմք էր դարձել համացանցում տարածված ձայնագրությունը:
Գյումրիի քաղաքապետով հետաքրքվրված է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մի վարույթով ուսումնասիրում են, թե արդյոք շահերի բախում է այն հանգամանքը, որ Ղուկասյանն իր փեսային իր առաջին տեղակալ է նշանակել: Երկրորդն էլ փեսայի նկատմամբ է, որ նա ըստ հանրային ծառայողի մասին օրենքի չի կարող աներոջ ենթական լինել՝ օրենքն արգելում է: Հանձնաժողովը եզրակացությունը կհրապարակի հոկտեմբերի վերջին: Հնարավոր է նաև, որ Հակակոռուպցիոն դատարանը վճիռ կայացնի: Գուցե հենց սա է պատճառը, որ ՔՊ-ականներն ավելի բուռն են քննադատում ու նաև պնդում, որ Ղուկասյանը գնալու է:
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է՝ քրեական գործերը մինչև ընտրական պրոցեսներին մասնակցելն են հարուցվել, և Ղուկասյանը կփորձի ամեն կերպ դրանք քաղաքականացնել:
«Մտնելով քաղաքականություն՝ հետագայում այդ քրեական գործերի ելքերի արդյունքում փորձելու է այդ քրեական գործերը քաղաքականացնել, այսինքն՝ մտնել, էսպես ասած, քաղհալածյալի դիմակի տակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարուխանյանը:
Այսօր քաղաքապետին աջակցող հայտարարություն է տարածել Գյումրիի ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը, որի ցուցակով էլ Ղուկասյանն առաջադրվել էր, ընդ որում՝ հայտարարությունը հրապարակվել է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի: Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից: Հանգիստ թողեք ԳՅՈՒՄՐԻՆ, ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԵՎ ԸՆԴՈՒՆԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ», - ասված հայտարարությունում:
Վարչապետին Ղուկասյանի մասին խորհրդարանում հարց տված Կարեն Սարուխանյանն ասաց, թե Կոմկուսի հայտարարությանը ծանոթ չէ, բայց մեկ անգամ ևս պնդեց, որ քաղաքապետը գնալու է, չհստակեցնելով մանրամասները:
«Առաջին հերթին անելու է, իմ կարծիքով, հենց գյումրեցին, գյումրեցիներն են, էսպես ասած, դուրս շպրտելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող համայնքի ղեկավարին», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
«Գյումրեցիներն են առաջին հերթին դա անելու: Դա Ազգային ժողովի պատգամավոր Սարուխանյան Կարենը չի անելու, դա, չգիտեմ, երկրի վարչապետը չի անելու, դա որևէ այլ, ուժայինները չեն անելու, չգիտեմ ... Դա առաջին հերթին անելու է գյումրեցին, և հենց հասունանա էդ պահը, միանշանակ, ես վստահ եմ, որ իրենք իրենց փասափուսեքը հավաքելու և գնալու են», - շարունակեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
Մոտավոր ժամկետի վերաբերյալ հարցին Սարուխանյանն արձագանքեց. - «Ես որևէ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ արդեն իսկ մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ»:
Հնարավո՞ր է, որ փորձված ճանապարհով գնան: Օրինակ՝ հարևան Ախուրյանի, երբ կոալիցիա կազմած ուժերի ավագանու անդամները միացան ՔՊ-ին, որին պակասող երկու մանդատն ապահովվելուց հետո դաշնակցական համայնքապետը հրաժարական տվեց, արդյունքում՝ ավագանիում մեծամասնություն դարձած ՔՊ-ն իշխանությունը վերցրեց: Արդյո՞ք կփորձեն Կոմկուսից մարդկանց ներգրավել ՔՊ-ի կողմը:
«Օրենքով սահմանված և մեր Սահմանադրությամբ սահմանված կարգով ցանկացած սցենար, ես պարզ ասեմ, հնարավոր է», - հայտարարեց Սարուխանյանը:
Իսկ Ղուկասյանն իր ասուլիսում հիշեցրել էր իշխանություններին, որ իրեն ժողովուրդն է ընտրել:
«Ինքը շատ բան ասեց, եթե ես չեմ ընտրվել, բա ո՞վ է ընտրվել», - նշել էր Գյումրիի քաղաքապետը:
Ղուկասյանը հայտարարել է, որ մի դեպքում ինքնակամ կլքի պաշտոնը՝ երբ 26 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթի: Սարուխանյանն ասում է՝ այսօրվանից արդեն կարող է հավաքվել և գնալ, քանի որ իշխանական պատգամավորը վստահ է իրենց քաղաքական թիմի հաղթանակում: