Շվեդիան 2 միլիոն եվրո է նվիրաբերել «Ազատություն» ռադիոկայանին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանը Պրահայում, արխիվ

Պաշտոնական Ստոկհոլմը 20 միլիոն շվեդական կրոն (շուրջ 2 միլիոն 100 հազար եվրո) է նվիրաբերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին։ Այս մասին նշված է Շվեդիայի կառավարության այսօր տարածած հայտարարությունում։

«Այս որոշումը լրագրողներին և անկախ լրատվամիջոցներին աջակցելու մեր շարունակական գործունեության մի մասն է» ,- հայտարարել է Շվեդիայի կառավարությունը՝ հավելելով. - «Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին ցուցաբերվող աջակցությունը, տարբեր երկրներում ապրող բազմաթիվ մարդիկ հայտնվել են անկախ մամուլի հասանելիությունը կորցնելու վտանգի առջև»։


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։ Հրամանագրի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։ Լրատվամիջոցը պնդում է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

R.E.M.-ը թողարկել է իր Radio Free Europe հիթի ռեմիքսը, որը կօգտագործվի «Ազատություն» ռ/կ-ին աջակցության դրամահավաքի համարՎերաքննիչ դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին ժամանակավորապես կանգնեցնել «Ազատություն» ռ/կ-ի ու այլ հեռարձակողների ֆինանսավորումը Դատարանը կարգադրել է USAGM-ին «Ազատություն» ռ/կ-ին հատկացնել դրամաշնորհային միջոցները ապրիլի համար