Սիրիայում դրուզ փոքրամասնության առնվազն 15 անդամ է սպանվել, հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։
Կազմակերպության փոխանցմամբ, զոհերը թիրախավորվել են երեկ ուշ երեկոյան Դամասկոս-Սուեյդա մայրուղու վրա՝ ենթադրաբար Սիրիայի անվտանգության ուժերի և կառավարամետ աշխարհազորայինների կողմից իրականացված հարձակման ժամանակ։
Ըստ տեղեկությունների՝ զոհերը զինված դրուզ տղամարդիկ էին, որոնք փորձում էին հասնել Սահնայա քաղաք՝ օգնելու այլ դրուզների, որոնք նույնպես արյունալի հարձակումների թիրախ էին դարձել:
Սուեյդայում DPA-ի աղբյուրը պնդել է, որ «որևէ մեկը չէր կարող իրականացնել այդ կոտորածն առանց կառավարական ուժերի աջակցության»։
Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ երկուշաբթի օրվանից ի վեր առնվազն 56 մարդ է զոհվել սուննի աշխարհազորայինների և զինված դրուզ խմբավորումների միջև բախումների ժամանակ։