Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Ռաջնաթ Սինգհի հետ: Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Սինգհը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Սուրեն Պապիկյանը նախօրեին էլ զրուցել էր Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը. Պապիկյան

The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։