Ստեփանավանում ծեծի գործով դատապարտված ոստիկանները բողոքարկել են վճիռը

Սարգիս Վահրադյանը՝ աջից երկրորդը

Ստեփանավանում քաղաքացու ծեծի համար դատապարտված բարձրաստիճան երկու ոստիկաններն էլ բողոքարկել են դատարանի վճիռը, որով նրանց նկատմամբ սահմանվել էր երեք տարվա պայմանական ազատազրկում, բացի այդ՝ մեկ տարով զրկվել էին պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Մեղադրյալներից մեկի՝ Սարգիս Վահրադյանի փաստաբան Արման Բայադյանն «Ազատությանն» ասաց՝ վերաքննիչ ատյանից արդարացման վճիռ են պահանջել: Եղած ապացույցները, այդ թվում՝ տեսանյութը, բավարար չեն համարում:

Դատարանի վճռից դժգոհ է նաև տուժողը՝ Վրեժ Մկրտումյանը։ Գիշերով սեփական տան ճանապարհին ոստիկանների կողմից բռնության ենթարկված երիտասարդը պահանջում է ոստիկաններին դատել իրեն խոշտանգելու, ոչ թե պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։

«Դժգոհությունը նրանում է կայանում, որ չափից շատ դանդաղ են վարել գործը, գցել են այստեղ-այնտեղ, ու ամենավերջում էլ՝ այսքան տարի սպասելուց հետո, ռեալ չեն պատժվել իրենց արածի համար մեղավորները: Դեպքը եղել է խոշտանգում, բայց դատարանը որոշել է պատժի միջոց կիրառել որպես լիազորությունների անցում», - ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալներ Սարգիս Վահրադյանն ու Վահրամ Խաչատրյանը գիշերով կանգնեցրել էին օդանավակայանից վերադարձող մեքենան, վարորդին ու ուղևորներին իջեցրել մեքենայից, բռունցքներով հարվածել նրանցից մեկին։ Մեքենայում տեղադրված տեսախցիկն էր արձանագրել ողջ տեսարանը։

Թեև տեսանյութում երևացել է նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը՝ զենքը ձեռքին, ու ակնհայտ լսվել է նրա սպառնալից ձայնը ուղևորների հասցեին, բայց նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ բարձրաստիճան ոստիկանի այս արարքում քննիչները հանցակազմ չեն տեսել։

Գործով անցնող ոստիկաններն էլ պաշտոնական առաջխաղացում են ունեցել։ Վահրամ Խաչատրյանը տեղափոխվել է Վանաձորի ոստիկանություն՝ դարձյալ փոխոստիկանապետի պաշտոնին։ Սարգիս Վահրադյանն էլ ամիսներ առաջ պաշտպանության նախարարի որոշմամբ նշանակվել է Լոռու մարզի զինկոմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացու նկատմամբ բռնության գործով անցնող ոստիկանը՝ Լոռու զինկոմ

Մրցութային հանձնաժողովը վեց թեկնածուներից ամենաարժանավորը նրան է համարել, այն դեպքում, երբ բռնության մեղադրանքով քրեական գործը երկու տարի է՝ մտել էր դատարան։

Պաշտպանության նախարարությանը գրավոր հարցրել էինք՝ ինչո՞ւ մրցութային հանձնաժողովը հաշվի չի առել Վահրադյանին առաջադրված մեղադրանքը։ Գրել էինք՝ արդյո՞ք նախարարը նրան նշանակելիս տեղյակ է եղել համացանցում տարածված տեսանյութից, որտեղ ապտակի ակնհայտ ձայն ու սպառնալիքներ են հնչում քաղաքացիների հասցեին։

Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, թե «քրեական վարույթի ընթացքում գտնվելը խոչընդոտ չէ մրցույթին մասնակցելու համար»։ Օրենքներին հղում են արել ու պատասխանի վերջում գրել՝ «Պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկատվության չի տիրապետում օրինական ուժի մեջ մտած դատավճռի վերաբերյալ»։

Մինչ այդ ստեփանավանցիներն են բացատրում կադրային այս փոխատեղումները, փաստելով՝ Սարգիս Վահրադյանն ու Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը ընտանեկան մտերմություն ունեն։

«Ազատության» տրամադրության տակ են լուսանկարներ նրանց համատեղ՝ կնունքի արարողությունից։

Վահրադյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող Արմեն Գրիգորյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2020-ին էր համայնքապետի պաշտոնակատար նշանակել։ Մեկ տարի անց նա արդեն իշխող կուսակցության թեկնածուն դարձավ ու ձայների մեծամասնությամբ ընտրվեց համայնքի ղեկավար։