Վանաձորցի Ռիմա Մելոյանը 9-րդ հարկ է բարձրանում՝ հևալով, աստիճան առ աստիճան։ 81-ամյա կինը բակ չի իջնում: Տարիներով արևի երես չի տեսնում։ Շենքում ավելի քան երեսուն տարի վերելակ չկա։
Ռիմա Մելոյանը
«Պետք է ման գաս, չէ՞, բայց չեմ կարողանում 9 հարկը իջնեմ, 2 հարկ իջնում եմ, չեմ կարողանում, նորից հետ եմ գալիս», - ասում է տարեց կինը:
30 տարում առնվազն 30 խոստում
Երևանյան 147/1-ի բնակիչները հաշիվը կորցրել են։ Պաշտոնյաները եկել, խոստացել, հեռացել ու մոռացել են. «Ընտրությունների ժամանակ գալիս են խոստանում ու գնում», - ասում են բնակիչները:
Այս տարի էլ արդեն մի քանի անգամ դիմումներ են գրել քաղաքապետարան: Տարեսկզբին պատասխանը հուսադրող էր։ Ասել էին՝ վերելակի «նորոգման աշխատանքները նախատեսված են 2025 թվականի ընթացքում»։
«25 թվի ավարտին մնացել է ընդամենը մի քանի ամիս... հնարավո՞ ր է երեք ամսում ինչ-որ բան անել։ Մենք արդեն հուսախաբ ենք եղել», - ասաց շենքի բնակիչը:
Մի քանի օր առաջ նոր պատասխանում արդեն խոստացել են ուսումնասիրել չգործող վերելակի վիճակն ու հաշվի առնել դրանց արդյունքները:
Ինչպես չգործող 45 վերելակը դարձավ 19
Վանաձորի բազմաբնակարաններում եղած վերելակների մասին քաղաքապետարանի տվյալներում հակասություններ կան: 2019-ին պաշտոնական թվերով Վանաձորում 163 վերելակ կար, դրանցից 45-ը՝ չգործող: Այսօր հայտնել են, թե 155-ն են՝19 չգործող: Ընդ որում, քաղաքապետարանից հայտնել են, թե անցած տարիներին 9 վերելակ է վերագործարկվել: Ընդհանուր տեղական բյուջեից մոտ 20 միլիոն դրամ են ծախսել: Բայց թե ինչպես են չգործող 45 վերելակները19 դարձել, պարզ չէ:
Միանաժամանակ քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ այս պահին վերանորոգում են ևս 4-ը: Մինչդեռ, այդ ցանկում 147/1-ի այս վերելակի մասին խոսք չկա: Ցանկում միայն հարևան շքամուտքի վերելակն է, չնայած այստեղ էլ դեռևս որևէ աշխատանք չի իրականացվում:
«Ախր մի տարի չի, երկու չի, տասը չի, երեսունհինգ և ավելի տարի», «Մեր երեխեքը վերելակ չեն տեսել, ինչ եկել ենք այս շենք», - ասում են բնակիչները:
Ավելի քան 30 տարի առանց վերելակի սպասող վանաձորցիներն ասում են՝ տներում ոչինչ չեն նորացրել։ Շինանյութն ու նոր կահույքը վերև հասցնել չի լինի։ Հիմա տան նորոգումը ռիսկ է, շտապօգնություն կանչելը՝ նույնպես։ Վերջին հարկերի բնակիչներն իրար գլուխ հավաքվելիս նախ հաշվում են՝ ով ինֆարկտից տուժեց, ում սիրտն այլևս չդիմացավ։ 6-րդ հարկից Միշան ու Սերգեյը, 7-ից՝ Անահիտն ու ամուսինը։ 8-ում ու 9-ում էլ առողջ մարդ չկա: Բնակիչների խոսքով. «Որ տուն ենք գալիս, մեզ թվում է՝ կյանքը վերջացել է: Նույնիսկ, եթե հաց է պետք լինում, նախընտրում ենք սոված նստել, քան իջնենք մի հաց գնենք»:
Անցած տարի Ասյա Օրդյանի հարևանին բժիշկները չհասան՝ սիրտը կանգնեց։
«Մինչև շտապօգնությունը եկավ, այլևս չկարողացանք իրեն փրկենք: Դրանից հետո տունը վաճառվեց, ուրիշ ընտանիք եկավ այդտեղ, այդ պապիկը 4-5 հարկերի արանքում մահացավ», - պատմեց բնակիչը:
Երևանյան 147/1 շենքում միայն 4-ամյա Անին էր, որ ասաց՝ չի հոգնում վերուվար անելուց։ Մյուսներն էլի իրենց հևոցների, ինֆարկտների ու հիասթափությունների հետ են։ Մինչ կիսվում էին այդ ամենի մասին 81-ամյա Ռիմա Մելոյանը դեռ միայն երկու հարկ էր կարողացել իջնել ու բարձրանալ։ 9-րդ հարկում դարձյալ հևում էր ու բախտն անիծում։