Տեղի է ունենում արգելված ներգործություն, դա անընդունելի է. Փաշինյանը՝ գերիների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ արգելված ներգործությունն անընդունելի է Հայաստանի համար, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ է անում Հայաստանի դիվանագիտությունը գերիներին հետ բերելու և հարցը միջազգային հանրության ուշադրությանն արժանացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ անում են՝ ինչ հնարավոր է, և առաջնորդվում են չվնասելու սկզբունքով:

«Եթե հարց է առաջանում, թե ինչու արդյունք չկա, ես միշտ բերում եմ 2023-ի դեկտեմբերի օրինակը, երբ մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան: Մեր գնահատականը հստակ է՝ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական և այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն: Դա բնականաբար, անընդունելի է մեզ համար»,- հավելեց կառավարության ղեկավարը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 16-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը Բաքվի բանտում: Նրա միջազգային փաստաբանն ահազանգել է Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին:

Հայ գերիներին Բաքվում խոշտանգելու մասին տեղեկությունների ֆոնին Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարեց, թե այցելել է նրանց ու «չի լսել որևէ բողոք»: Անկախ աղբյուրներից Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները ճշտել հնարավոր չէ։ Թե երբ է տեղի ունեցել այցը, ևս պարզ չէ:

ՀՀ արտգործնախարարությունը նախորդ շաբաթ հայտարարեց, որ շարունակում են Բաքվում հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ ստանալ, հիշեցնելով Բաքվին՝ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։

Հունվարի վերջին վարչապետը հայտարարեց՝ «հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։