Տիգրան Ուլուբաբյանը պատրաստվում է կալանավայրում հացադուլ հայտարարել

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը զրուցում է «Ազատության» հետ, մարտ, 2025թ.

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը փաստաբանին տեղեկացրել է, թե պատրաստվում է կալանավայրում հացադուլ հայտարարել: Արցախի հայաթափումից հետո Վանաձորում հաստատված երիտասարդն արդեն մեկ ամիս կալանքի տակ է, մեղադրվում է իր բարեկամուհու տան վրա ավազակային հարձակմանն օժանդակելու համար:

Նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանն «Ազատությանն» ասաց՝ Տիգրանի կալանքի հենց առաջին օրը կասկած են հայտնել գործը վարող քննիչի անաչառության մասին: Կալանավորված Ուլուբաբյանը վստահ է, թե նա մտերիմ կապեր ունի ամիսներ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իրեն խոշտանգած ոստիկանների հետ: Գործը վարող քննիչին փոխելու իր պահանջներն իրավապահները հաշվի չեն առել, ասում է փաստաբանը:

«Փաստորեն ստիպողական թողնում են նույն քննիչին, պարտադրում են մեզ այդ քննիչին: Ես չեմ ուզում, ասում է, որ այդ քննիչը լինի իմ քննություն վարողը, քանի որ, ինքը հստակ ասում է, որ նրանք գտնվում են ընկերական հարաբերության մեջ, այսինքն՝ քննիչը և այդ ոստիկանները, դրա համար չի ուզում՝ այդ քննիչը իր գործով զբաղվի», - նշեց Բեգլարյանը:

Արցախցի երիտասարդը հանրության ուշադրությունը գրավեց ամիսներ առաջ, երբ ահազանգեց ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իրեն խոշտանգելու մասին: Արդարության պահանջով Քննչական կոմիտեի շենքի առջև բողոքի ակցիաներից հետո Քննչականը խոշտանգելու հոդվածով քրեական գործ էր հարուցել, Տիգրանին առերեսել մարզայինի պետ Խորեն Բարխոյանի և նրա ստորադասի հետ: Հենց Բարխոյանին էր Տիգրանը մատնացույց արել որպես իրեն ստորացնելու, խոշտանգելու կազմակերպչի:
Բարխոյանը Տիգրանի հետ առերեսման ժամանակ հերքել էր ոչ միայն նրան ծեծելու մեղադրանքները, այլև հենց Տիգրանի առնչությունը ավազակային հարձակմանը: Մինչդեռ չորս ամիս անց Տիգրան Ուլուբաբյանը մեղադրյալ դարձավ, Քննչականը հայտարարեց, թե «քննիչների ու ոստիկանների համատեղ աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ հենց Տիգրան Ուլուբաբյանն է օժանդակել» Վանաձորում նրա արցախցի բարեկամուհու տան վրա ավազակային հարձակմանը:

Արդեն մեկ ամիս կալանքի տակ գտնվող երիտասարդի փաստաբանը պնդում է՝ այսօր էլ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իսկ իրավապահները նրան մեղադրելու, առավել ևս կալանավորելու որևէ հիմք չունեն. - «Նույնիսկ ես իմ վերաքննիչ բողոքում դրան անդրադարձել եմ, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա այդտեղ»:

Ավազակային հարձակման գործով երեք կասկածյալ կա, երեքն էլ, ըստ փաստաբանի, ոչ միայն իրենց մեղքը չեն ընդունել, այլև՝ իրենց առնչությունը Տիգրան Ուլուբաբյանի հետ:

Ուշագրավ է երեք կասկածյալների հայտնաբերումը: Փաստաբանն է պատմում՝ նրանցից մեկը կնոջ հարվածից ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել: Բայց ոչ թե կինը, այլ ամուսինն է հայտնվել բանտում բոլորովին ուրիշ՝ Տիգրան Ուլուբաբյանի բարեկամուհու տան վրա ավազակային հարձակման մեղադրանքով: Ընդ որում, քրեական վարույթում նշել են, որ կասկածյալի ծնոտին հարված հասցրած կինն է ցուցմունք տվել, որից եզրակացրել են, թե արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կազմակերպել ու օժանդակել է, իսկ կնոջ հարվածից վնասվածք ստացած տղամարդն ու իր երկու ընկերները իրականացրել են դեռ գարնանը տեղի ունեցած ավազակային հարձակումը:

«Տիգրանն էլ դրա համար է ջղայնանում, ասում է՝ փաստորեն հանցագործը կին է, հանցագործին բաց են թողնում, ես կարամ ենթադրեմ, որ էդ կնոջը բաց են թողել իր կողմից կատարված հանցագործության համար, բաց են թողել՝ հաշվի առնելով, որ այդ կինը սուտ ցուցմունքներ է տալիս իմ վրա», - պատմեց Էրիկ Բեգլարյանը:

Այսօր «Ազատություն»-ը զրուցել է նաև ավազակային հարձակումից տուժած արցախցի Քրիստինե Բալայանի քրոջ՝ Աննա Բալայանի հետ, ով պնդում է՝ ոչ Տիգրան Ուլուբաբյանի կալանքից առաջ, ոչ էլ դրանից հետո որևէ կասկած չունեն, թե իրենց մտերիմ բարեկամ Տիգրանը կարող է կապ ունենալ տեղի ունեցած հանցագործության հետ: Աննան հրաժարվեց հարցազրույցից, բայց հայտնեց՝ անգամ դեպքից հետո իրենք շարունակել են շփվել Տիգրանի հետ ու «մի գրամ անգամ կասկած չի առաջացել», թե տեղի ունեցածում կարող է ներգրավված լինել նա: Թե՛ նրա վարքագծում, թե՛ իրենց փոխհարաբերություններում որևէ կասկածելի բան չեն տեսել, ասաց Աննա Բալայանը: «Տիգրանն իմ հարսիկի եղբայրն է, մենք հարազատական կապ ունենք, իրար վստահել ենք», - պնդում է Աննան:

Թե ինչ ընթացք կստանա ավազակային հարձակման փաստով քրեական վարույթը, դեռ հայտնի չէ: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից արցախցուն խոշտանգելու գործին, որևէ արդյունք Քննչականը չի արձանագրել: Թեև կասկածյալներին ամիսներ առաջ է մատնանշել Տիգրանը, բայց որևէ մեղադրյալ չկա, բարձրաստիճան ոստիկանն ու նրա վեց ստորադասները շարունակում են աշխատանքի գնալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել էՉբացահայտված խոշտանգման դեպքերՈչ մի մեղադրյալ ոստիկան. արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու գործը դոփում է տեղում«Եթե արդարություն կա, կպատժվեն». ոչ մի մեղադրյալ ոստիկան՝ խոշտանգման մասին ահազանգից 10 օր անց Բողոքի ցույց Երևանում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքներիՈւլուբաբյանի փաստաբանը հայտարարում է իր դեմ սկսված «մեծ արշավի» մասինՔննչականի ղեկավարն օբյեկտիվ քննություն է խոստացել Ուլուբաբյանի առերևույթ խոշտանգման գործով