Թրամփ. «Շատ ծանր հետևանքներ կլինեն, եթե Պուտինը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

Ալյասկայում վաղը ԱՄՆ նախագահի հետ նախատեսված հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահն այսօր ակնարկել է, որ Մոսկվան կբարձրացնի միջուկային զենքի վերահսկման հարցը՝ որպես անվտանգության հարցերի քննարկման մաս:

Այսօր հրավիրված խորհրդակցությանը Վլադիմիր Պուտինն ասել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ու անկեղծ ջանքեր է գործադրում, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները, հանգուցալուծվի ճգնաժամն ու ձեռք բերվեն համաձայնություններ, որոնք հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի շահերից են բխում: «Որպեսզի մեր երկրների միջև, Եվրոպայում և ամբողջ աշխարհում երկարաժամկետ խաղաղության պայմաններ ստեղծվեն, եթե հաջորդ փուլերում մենք համաձայնության հասնենք ռազմավարական հարձակողական զենքի վերահսկողության ոլորտում» ,- ասել է ՌԴ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ խորհրդակցություն է անցկացրել

Պուտինի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին ասել է, որ վաղվա հանդիպման գլխավոր թեման Ուկրաինան է, սակայն կքննարկվեն նաև տնտեսական կապերի «հսկայական չիրացված ներուժը»: Առաջնորդները կհանդիպեն դեմ առ դեմ՝ թարգմանիչների մասնակցությամբ, հանդիպմանը կհետևի մամուլի ասուլիս:

Թրամփ - Պուտին բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահն այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մանրամասն քննարկել են Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների հարցը: Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը առաջընթացի իրական հնարավորություն է:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Ալյասկայի հանդիպմանը Պուտինը չհամաձայնի Ուկրաինայում հրադադար հաստատելուն, ապա շատ ծանր հետևանքներ կլինեն՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Թրամփը նշել է՝ եթե Ալյասկայի հանդիպումը հաջող անցնի, կցանկանար հաջորդն անցկացնել Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ, որը պետք է վճռորոշ լինի. «Կցանկանայի, որ այն տեղի ունենար առաջին հանդիպումից գրեթե անմիջապես հետո։ Մենք արագ երկրորդ հանդիպումը կանցկացնենք նախագահներ Պուտինի, Զելենսկիի և իմ մասնակցությամբ, եթե նրանք ցանկանան, որ ես այնտեղ լինեմ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը նաև նշել է՝ եթե առաջին հանդիպումը լավ չանցնի, ապա երկրորդը չի լինի: Ըստ CBC News-ի, սակայն, Թրամփի վարչակազմն արդեն եռակողմ հանդիպման վայրն է ընտրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ԵՄ առաջնորդներին և Զելենսկիին վստահեցրել է՝ Պուտինի հետ տարածքային հարցեր չի քննարկի

Ուկրաինայի և եվրոպական երկրների առաջնորդների հետ Թրամփի երեկվա հեռավար հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը համաձայն է, որ ԱՄՆ-ն և մյուս դաշնակիցները պետք է մասնակցեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալուն: Այդ մասին գրել է նաև Politico-ն: Սակայն Թրամփը բացառել է, որ Կիևը միանա ՆԱՏՕ-ին, ինչը խաղաղություն հաստատելու՝ Մոսկվայի գլխավոր պայմաններից մեկն է: Չնայած Թրամփը հրապարակավ չի խոսել անվտանգության երաշխիքների մասին, ԵՄ-ն արդեն ողջունել է նրա հայտարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը բացառել է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Էմանյուել Մակրոնը նաև հայտնել է, որ Թրամփը հստակ է ասել՝ Ուկրաինայի տարածքների հարցը կարող է և կբանակցվի միայն երկրի նախագահի հետ. «Գրավված տարածքները … Ուկրաինայի մնացած տարածքի և Եվրոպայի համար խաղաղության երաշխիքների անբաժանելի մասն են, ուստի դա չի կարող քննարկվել առանց Ուկրաինայի նախագահի։ Այսօր տարածքային փոխանակման որևէ լուրջ սխեմա չկա սեղանին» ,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը տեսակապով հանդիպմանն ասել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու առումով առաջընթաց կա, նաև նշել՝ Ուկրաինայի հարցով որևէ բանակցություն չի կարող լինել առանց Կիևի: Քիր Սթարմերը նաև ասել է՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն կարող և չպետք է փոխվեն ուժով:

«Սահմանների, դիվանագիտության, հրադադարի մասին որևէ բանակցություն պետք է զուգակցվի անվտանգության ամուր և վստահելի երաշխիքի հետ՝ ապահովելու, որ ցանկացած խաղաղություն լինի երկարատև, և ցանկացած գործարքի դեպքում Ուկրաինան կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը» , - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը բացառել է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Գերմանիայի կանցլերի փոխանցմամբ էլ՝ Թրամփին փոխանցել են միասնական ուղերձ՝ Ալյասկայի հանդիպմանը պետք է հաշվի առնվեն Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության շահերը, իսկ Ուկրաինան պետք է մասնակցի հաջորդ հանդիպումներին։ «Ուկրաինան պատրաստ է բանակցել տարածքների շուրջ։ Սակայն, այսպես կոչված շփման գիծը պետք է լինի մեկնարկային կետը։ Ռուսական օկուպացիայի իրավական ճանաչումը քննարկման առարկա չէ։ Պետք է շարունակի գործել սկզբունքը, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով»,-ասել է Մերցը:

Այս ֆոնին Գերմանիան 500 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով: Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան եվրոպացի դաշնակիցներից 1,5 միլիարդ դոլար է ստացել ամերիկյան զենք գնելու համար:

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածել միմյանց: Ուկրաինական անօդաչուների հարվածներից Բելգորոդում և Դոնի Ռոստովում 14 մարդ է վիրավորվել: Վոլգոգրադում հարվածել են նավթի բազայի: Ուկրաինան հայտարարել է, որ կայունացրել են իրավիճակը Դոբրոպիլիա քաղաքի մոտ, որտեղ օրեր առաջ ռուսական հետևակի մի քանի խումբ 10 կմ առաջ էր գնացել: Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել՝ 87-ը 87-ի դիմաց, նրանց թվում՝ քաղաքացիական անձինք: