Կոստանյանը չի հերքում, որ սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի «Թրամփի ուղու» հատվածից

«Ըստ էության մեկնարկել են քննարկումները ամերիկյան կողմի հետ այն դետալների մասին, որոնք դեռևս ճշտման կարիք ունեն, այդ թվում նաև՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերության ձևակերպման, դրա գրանցման», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում են «Թրամփի ուղու» շուրջ աշխատանքները:

«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներից պատվիրակություն ժամանեց Երևան, և, բնականաբար, մեր երկկողմ քննարկումների ընթացքում նաև ճանապարհների ապաշրջափակմանը և «Թրամփի ուղի» նախագծին ենք անդրադարձ կատարել», - նշեց Կոստանյանը:

Հայաստանի Ազգային անվտանգության տնօրենի Բաքու այցից ակնկալիքների մասին հարցին, մասնավորապես՝ հնարավո՞ր է՝ Անդրանիկ Սիմոնյանն Ադրբեջանի մայրաքաղաքում հայ գերիներին տեսակցելու հարց բարձրացնի, փոխնախարարն արձագանքեց. - «Ես կխուսափեմ այս պահին որևէ մեկնաբանություն անել, և վստահաբար մեր գործընկերները այցի արդյունքներով իրենք մեկնաբանություններով հանդես կգան, բայց օգոստոսի 8-ից հետո, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ մեր տարբեր գերատեսչություններ պիտի արդեն շատ ավելի ինտենսիվ շփումներ ունենան նաև ադրբեջանական կողմի հետ: Իսկ ինչ վերաբերում է հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող անձանց, այդ թվում՝ անհետ կորած անձանց խնդիրները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, Կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք այդ ուղղությամբ մշտապես ենք աշխատանքներ իրականացնում, և քննարկումները թե՛ մեր միջազգային գործընկերների հետ, թե՛ ադրբեջանական կողմի հետ մշտապես ընթանում են»։

«Այս դեպքում, կարո՞ղ եք ասել, կարո՞ղ է լինել այդպիսի հնարավորություն, որ գերիները վերադառնան», - այս հարցին ի պատասխան էլ Կոստանյանն ասաց. - «Կխուսափեմ այս պահին հավելյալ մեկնաբանություններ տալուց»։

«Սահմանազատման հետ կապված աշխատանքներից ի՞նչ նորություն կա։ Փոխվարչապետերը հանդիպում են։ Կա համաձայնություն, թե որտեղից պետք է շարունակվի, բայց դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ այդ ճանապարհի հատվածը պետք է սահմանազատվի։ Հիմա հնարավո՞ր է այժմ ապաշրջափակման հարցերով այդ հանձնաժողովները զբաղված են հենց այդ հատվածի սահմանազատման աշխատանքներով», - սրան էլ փոխնախարարն արձագանքեց. - «Նախորդիվ, ոչ թե վերջին՝ դրան նախորդող հանդիպումից հետո էական զարգացումներ են եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, այդ թվում՝ պայմանավորվածությունը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման, և ինչպես արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ նշել է՝ դելիմիտացիայի պրոցեսը այս փուլում պիտի սպասարկի նաև այս գործընթացը: Որովհետև տրամաբանական է՝ եթե ապաշրջափակվում են ճանապարհները և կոմունիկացիաները, ապա այդ կոմունիկացիաները պետք է ունենան մեկ երկրից մյուս երկիրը անցման հստակ կետեր»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ քարտեզագետ Մելիքսեթյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը վերսկսվելու է ՍյունիքիցՀայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում«Թրամփի ուղու» աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների միջոցով. ՄիրզոյանԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Երևանում շարունակում է քննարկումները «Թրամփի ուղու» շուրջ«145 միլիոն դոլար՝ «Թրամփի ուղուն». ընդդիմությունը նախագծի անորոշությունից է խոսում