Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը ու ևս մի քանի առաջնորդներ առաջարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել:
Բայց աշխարհում ոչ բոլորին է այս միտքը դուր գալիս, ընդդիմախոսները հիշեցնում են Ուկրաինայում ու Գազայում շարունակվող պատերազմները, Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ուղարկած վերջին հրթիռներն ու ոչ միայն:
Իրականում Թրամփը միակ վիճահարույց առաջնորդը չէ, որ կարող է Խաղաղության Նոբելյան ստանալ. կրքերը թեժ են եղել նաև մի շարք մրցանակակիրների շուրջ:
Հենրի Քիսինջերն, օրինակ, 1973-ին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ Հյուսիսային Վիետնամի ու Միացյալ Նահանգների միջև պատերազմի դադարեցման բանակցությունների համար։ Ուղղակի մի նրբություն կա՝ այդ պատերազմը չէր դադարել: Ավելին՝ կոնֆլիկտն ավելի էր ընդլայնվել: Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երկու անդամ Քիսինջերի՝ պարգևը ստանալուն պես հրաժարական տվեցին: Պատճառ հաստատ ունեին, դիվանագետ Քիսինջերը հակասական կերպար էր: Օրինակ՝ Նոբելյան մրցանակից ընդամենը 4 տարի առաջ նրա անմիջական համաձայնությամբ Կամբոջայի վրա տոննաներով ռումբ թափվեց, դա շուրջ 100 հազար մարդու մահվան պատճառ դարձավ:
Պաղեստինի ազգային սիմվոլ Արաֆաթը Խաղաղության իր Նոբելյան մրցանակը 1994-ին կիսեց իսրայելցի գործիչներ Շիմոն Պերեսի և Իցհակ Ռաբինի հետ. ոխերիմ թշնամիները 1993-ին Օսլոյում պայմանավորվել էին հաշտվել ու վերջ դնել արաբա-իսրայելական հակամարտությանը: Նայելով այսօրվա Գազային՝ դժվար չէ կռահել, որ նրանց դա չհաջողվեց՝ տասնամյակներ անց խաղաղություն չկա:
Դոնալդ Թրամփն ակնհայտորեն ուզում է ստանալ խաղաղության Նոբելյան մրցանակ: Բայց ինչո՞ւ է այդքան տարված այդ գաղափարով: Կարծիք կա, որ պատճառը ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման է, որը 2009-ին ստացել է այս մրցանակը՝ «միջազգային դիվանագիտության և ժողովուրդների համագործակցությանն ուղղված արտակարգ ջանքերի համար»: Ի դեպ, Օբամայի՝ այս մրցանակին արժանանալը նույնպես հակասական կարծիքների պատճառ է դարձել:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում