Իսրայելը ծրագրել էր արդեն հաջորդ ամիս հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, պնդում է The New York Times պարբերականը՝ Սպիտակ տան իր աղբյուրները վկայակոչելով։
«Նեթանյահուի թիմում վստահ էին, որ Միացյալ Նահանգները ակտիվ մասնակցություն կունենա մայիս ամսին նախատեսված այդ գործողության նախապատրաստմանը, ինչպես նաև կապահովի Իսրայելի պաշտպանությունը Իրանի հնարավոր պատասխան հարվածներից։ Դոնալդ Թրամփը, սակայն, որ բանակցություններ է նախաձեռնել Թեհրանի հետ, տեղեկացրել է իսրայելական կողմին, որ Վաշինգտոնը Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցություն չի ցուցաբերի»,- գրում է թերթը։
The New York Times-ի տեղեկություններով՝ Իսրայելն այս հարվածների օգնությամբ հույս ուներ առնվազն մեկ տարով կաթվածահար անել միջուկային զենքի ստեղծմանն ուղղված Իրանի բոլոր ջանքերը։
«Նեթանյահուի այս ծրագիրը, սակայն, իրականություն չի դարձել Թրամփի թիմում առկա տարաձայնությունների պատճառով»,- գրում է ամերիկյան պարբերականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի պաշտպանունակության ամրապնդումը պատասխանատու քայլ է այս լարվածության պայմաններում. ԱԳՆThe New York Times-ի տեղեկություններով՝ Իրանի դեմ գործողությունների ընթացքում Իսրայելին աջակցելու գլխավոր կողմնակիցներն էին Թրամփի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցը և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը կառավարող Կենտրոնական հրամանատարության՝ Centcom-ի ղեկավար գեներալ Մայքլ Կուրիլան։ Նրանց ընդդիմախոսների թիմը, սակայն, ըստ ամերիկացի լրագրողների, ավելի մեծ է։ Իսրայելին աջակցելու հարցում լուրջ վերապահումներ ունեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Վայլզը։
«Ամերիկացի պաշտոնյաների այս խումբը մտավախություն ունի, որ նախ իսրայելական հարվածներն ի վիճակի չեն լինի ամբողջությամբ զրոյացնել Իրանի միջուկային ծրագիրը, դրան էլ գումարած կհանգեցնեն լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի»,-գրում է The New York Times-ը՝ ընդգծելով, սակայն, որ հարցի լուծման ուժային տարբերակը Սպիտակ տան օրակարգից ամբողջությամբ դուրս չի եկել։
«Ամեն ինչ կախված է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող բանակցությունների արդյունքներից»,- գրում է թերթը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՛չ չափից ավելի լավատես ենք, ո՛չ հոռետես. Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին