Թրամփը Մոսկվայի գործողությունները «զզվելի» է անվանում, նոր պատժամիջոցներ խոստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 31-ը հուլիսի, 2025թ.

Կիևին երեկ ռուսական զինուժի հասցրած հրթիռային հարվածից հետո զոհերի թիվը շարունակում է աճել: Փլատակներից գիշերը ևս մի քանի դի են հանել, զոհերի թիվը հասել է 31-ի, որից հինգը՝ երեխաներ, վիրավորների թիվը 159 է: Ուկրաինայում այսօր սուգ է հայտարարված:

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի գործողությունները «զզվելի» է անվանել՝ նշելով, որ ուկրաինացիներից բացի, պատերազմի հետևանքով նաև շատ ռուսներ են սպանվում: Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, թեև մանրամասներ չի հայտնել:

«Այո՛, մենք պատժամիջոցներ կկիրառենք։ Չգիտեմ՝ դրանք Պուտինին մտահոգո՞ւմ են, թե՞ ոչ։ Նրանք տեղյակ են պատժամիջոցների մասին ... Չգիտեմ՝ դա որևէ ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ, բայց մենք դա կանենք», - հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իսրայել այցից հետո կմեկնի Ռուսաստան։ Սպիտակ տան ղեկավարը չի ներկայացրել Ուիթքոֆի այցի օրակարգը, որը նախկինում մի քանի անգամ Ուկրաինայի հարցով բանակցել է Պուտինի հետ:

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ «այս նողկալի հարվածը կրկին ապացուցում է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու և լրացուցիչ պատժամիջոցների անհրաժեշտությունը, որքան էլ Մոսկվան պնդի, թե դրանք արդյունավետ չեն»:

«Մենք հստակ գիտենք, թե ինչ է անհրաժեշտ Եվրոպայում խաղաղություն հաստատելու, Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու, այս պատերազմը դադարեցնելու համար։ Կլինեն նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

ԱՄՆ պետքարտուղարը Fox News Radio-ի հետ հարցազրույցում ասել է, որ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր շփումներ են եղել, որոնց մասնակցել են Ռուսաստանի նախագահի շրջապատից բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ Մարկո Ռուբիոյի՝ շփումների նպատակն էր Ուկրաինայում խաղաղության ճանապարհին հասնել որոշակի փոխըմբռնման, սակայն ամերիկյան կողմը առաջընթաց չի տեսել:

Ռուբիոն նաև ասել է՝ ԱՄՆ նախագահն արդեն վեց ամիս ջանքեր է գործադրում խնդրի կարգավորման համար և չի կարող հավերժ սպասել, ինչ-որ պահի ստիպված կլինի որոշել՝ պե՞տք է շարունակել, եթե կողմերից մեկը՝ Ռուսաստանը, հետաքրքրված չէ: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու շատ տարբերակներ ունի՝ սկսած ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներից, վերջացրած՝ ռուսական նավթն ու գազը գնող երկրների համար մաքսատուրքերով, սակայն հուսով է, որ բանը դրան չի հասնի:

«Առաջ շարժվելու լավագույն ուղին մարտերը դադարեցնելն է ու բանակցություններ սկսելը։ Սակայն մեզ թվում է, որ ռուսական կողմն անկեղծ հետաքրքրություն չի ցուցաբերել այս նպատակին հասնելու հարցում», - նշել է Ռուբիոն:

Ըստ Reuters-ի՝ Թրամփի սպառնալիքներից հետո Հնդկաստանի նավթավերամշակման չորս գործարաններ, որոնց բաժին է ընկնում երկրի վերամշակման հզորության ավելի քան 60տոկոսը, անցյալ շաբաթվանից դադարեցրել են ռուսական նավթի գնումը՝ այն փոխարինելով ԱՄԷ-ի և Արևմտյան Աֆրիկայի երկրների նավթով։

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Առավոտյան ռուսական զորքը հրետանային կրակ է բացել Խերսոնի մարզի Դնեպրովսկի շրջանի վրա, կա մեկ զոհ: Զապորոժիեում զոհվել է մեկ, վիրավորվել՝ չորս մարդ: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է ռուսական բնակավայրերին:

Վլադիմիր Զելենսկին ապատեղեկատվություն է անվանել ռուսական կողմի հայտարարությունը, թե գրավել են Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը: Երեկոյան ուղերձում նա պնդել է, որ հետ են մղում ռուսական զորքի առաջխաղացման յուրաքանչյուր փորձ։

Ըստ DeepState նախագածի՝ ռուսական զորքը գրավել է քաղաքի մեծ մասը արևելքում և հյուսիսում, սակայն արևմտյան ու հարավարևմտյան հատվածը գտնվում է ուկրաինացիների հսկողության տակ:

Այսօր Գերմանիան հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության երկու Patriot համակարգ կտրամադրի Ուկրաինային, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացել է, որ Բեռլինը առաջինը ՆԱՏՕ-ից հետ կստանա այս համակարգերը:

Այս ֆոնին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ռազմական ծախսերի օրինագիծը, որը ներառում է մոտ 1 միլիարդ դոլար Ուկրաինային աջակցելու համար, թեև Թրամփի վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր չներառել դա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հուլիսին Ուկրաինայի դեմ ավելի շատ ԱԹՍ է կիրառել, քան երբևէ ներխուժումից ի վեր Գերմանիան Ուկրաինային կփոխանցի երկու Patriot համակարգՈւիտկոֆը կայցելի ՌուսաստանԹրամփը Ռուսաստանի գործողությունները «զզվելի» է կոչել և նոր պատժամիջոցներ խոստացել Թրամփի հերթական վերջնագրին հետևեցին ռուսների նոր հարվածները Ուկրաինային, Չասով Յարի գրավումը