Թրամփը վստահ է՝ Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ, արխիվ

Չնայած ռուսական զորքի կողմից շարունակվող հարձակումներին՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ ABC News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը միևնույն ժամանակ չի բացառել, որ Ռուսաստանի նախագահը գուցե ժամանակ է ձգում: Սպիտակ տան ղեկավարը նաև իր անձով է պայմանավորել այն, որ Ռուսաստանը չի գրավել ամբողջ Ուկրաինան:

«Կարծում եմ՝ նա պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները ... Կարծում եմ՝ եթե ես չլինեի, նա կգրավեր ամբողջ Ուկրաինան: Անձամբ միշտ այդպես եմ կարծել», - ասել է Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջնական փուլում. Թրամփ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն, իր հերթին, փոխանցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մոտեցումն այս հարցում: Ըստ նրա՝ Մոսկվան և Կիևը հիմա պետք է կարգավորման կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, և եթե առաջիկայում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդական ջանքերից։

«Մենք հիմա այնպիսի փուլում ենք, երբ երկու կողմերը պետք է ներկայացնեն կոնկրետ առաջարկներ այս հակամարտությանը վերջ տալու համար ... Եթե առաջընթաց չլինի, մենք հետ կկանգնենք որպես այս գործընթացի միջնորդներ», - հայտարարել է Բրյուսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն, ԱՄՆ-ն հետ կկանգնի որպես միջնորդ. Ռուբիո

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն էլ Հաղթանակի օրվա առթիվ Պուտինի առաջարկած եռօրյա հրադադարն «աբսուրդային» է անվանել։ Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է՝ Թրամփի վարչակազմը պնդում է, որ հայտարարվի համապարփակ հրադադար՝ առնվազն 30 օրով, որը հետո կարող է երկարաձգվել: Քելլոգը հավելել է, որ Ուկրաինան համաձայն է, և հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանից. - «Եվ եթե հաշվի առնենք այն ամենը, ինչին ուկրաինացիները համաձայնել են, ապա ամեն ինչ կախված է ռուսներից, Պուտինից։ Այսինքն՝ մի կողմը համաձայնել է, հիմա պետք է խոսենք մյուս կողմի հետ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն Ուկրաինայում եռօրյա հրադադար է հայտարարել, Թրամփը մշտական հրադադար է պահանջում

Կրեմլի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ խաղաղության գործընթացը շարունակվում է, և նախագահ Պուտինը բաց է խնդրի խաղաղ կարգավորմանն համար ու աջակցում է հրադադարի գաղափարին: Սակայն երկարաժամկետ հրադադար հաստատելու համար պետք է հաշվի առնել մի շարք նրբություններ, պատասխանել մի շարք հարցերի, ասել է Դմիտրի Պեսկովը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի: Ռուս պաշտոնյան նաև նշել է՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների, և ԱՄՆ-ի հետ ինտենսիվ աշխատում են խնդրի կարգավորման համար:

«Այժմ նախագահը բաց է մնում այս հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական մեթոդների համար։ Սակայն իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա։ Մենք Կիևից որևէ արձագանք չենք լսում», - հայտարարել է Պեսկովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ճգնաժամի արագ լուծումն անհնարին է. Պեսկով


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. 30-օրյա զինադադարը հնարավոր է միայն որոշ «նյուանսներ» հաշվի առնելով

Կիևը, մինչդեռ, պնդում է` Մոսկվան պետք է անհապաղ դադարեցնի կրակը, եթե իսկապես ուզում է խաղաղություն։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում ասել է, որ Պուտինը եռօրյա հրադադար է հայտարարել, քանզի մտահոգված է, որ Հաղթանակի օրվա շքերթը կարող է հարթ չանցնել: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ Պուտինը ճիշտ է անում, որ մտահոգվում է շքերթի համար, սակայն պետք է մտահոգվի նաև, որ պատերազմն է դեռ շարունակվում: Նա ասել է, որ ԱՄՆ-ին կառաջարկեն նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի Մոսկվային ստիպեն գնալ խնդրի խաղաղ կարգավորման:

«Նրանք պետք է հստակ քայլեր ձեռնարկեն պատերազմը դադարեցնելու համար, և մենք պնդում ենք, որ անվերապահ և լիակատար հրադադարը պետք է լինի առաջին քայլը։ Ռուսաստանը պե՛տք է անի դա», - պնդել է Ուկրաինայի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հրադադարը պետք է անհապաղ լինի, ոչ թե ընդամենը մի քանի օրով». Զելենսկին արձագանքել է Պուտինին

Այս ֆոնին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածոների արդյունահանման գործարքը գրեթե պատրաստ է և կստորագրվի առաջիկայում: Ըստ Reuters-ի, որի տրամադրության տակ է հայտնվել համաձայնագրի նախագիծը, կստեղծվի հիմնադրամ, որին կուղղվի հանքարդյունահանումից ստացված եկամտի կեսը:

Եթե ԱՄՆ-ն ապագայում ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային, ապա դա կհաշվարկվի որպես հիմնադրամին փոխանցած գումար: Գործարքը չի ներառում Ուկրաինայի էներգետիկ կամ նավահանգստային ենթակառուցվածքները: Բնական պաշարների ոլորտում նոր ներդրումային հնարավորությունների, թույլտվությունների տրամադրումը հաստատելը կամ մերժելը նախ կլինի ԱՄՆ-ի կամ նրա լիազոր ներկայացուցչի իրավունքը: Նախագծում չի նշվում, թե ինչպես են ծախսվելու հիմնադրամի միջոցները կամ ով է վերահսկելու դրանց մասին որոշումները:

Իսկ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ: Ըստ ուկրաինական զինուժի՝ ռուսական զորքն զգալիորեն ուժեղացրել է մարտերի ինտենսիվությունը արևելքում և անօդաչուներով զանգվածային հարձակում գործել Խարկովի վրա, կա 46 վիրավոր: Դնեպրում կա մեկ զոհ: Ռուսական կողմն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Կուրսկում երեք մարդ է վիրավորվել: Ռուսական զինուժը նաև հայտարարել է, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է գրավել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ-ներով հարվածներ Ուկրաինային. Խարկովում 45 մարդ Է տուժել