Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյան, արխիվ

Ուղիղ երկու ամիս առաջ առանց որևէ հստակ բացատրության Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնից հեռացած ՔՊ-ական Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկությունը հայտնում են «Ազատության» աղբյուրները: Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում: Թե ինչ հոդվածով կամ հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել, նույնպես մինչ այս պահը հստակ չէ: Նախկին քաղաքապետի հետ կապ հաստատել չի հաջողվել: Գասպարյանը չի արձագանքում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրությանը:

37-ամյա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, պաշտոնը լքելու մասին որոշումը հիմնավորել էր ժամանակն ընտանիքին նվիրելու ցանկությամբ: Այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ևս ուղիղ չէին խոսել իրենց թիմակցի հեռանալու իրական պատճառներից՝ չհերքելով, որ Գասպարյանի հրաժարականը կապ ունի նրա ընտանիքին առնչվող կոռուպցիոն պատմությունների հետ:

«Տրամաբանական ա ձեր հարցը և բնական ա, և էդ հարցադրումը կա բնության մեջ, և պետք ա էդ հարցադրման պատասխան տրվի, որովհետև հարցադրումներին պատասխաններ տրվում են: Եվ, էլի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի՝ իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան, վստահաբար», - հայտարարել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Վաղուց պիտի հրաժարական տար», «լավ է աշխատել». էջմիածինցիները՝ հեռացող քաղաքապետի մասինԻնչո՞ւ է Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. ՔՊ-ից հրաժարականի պատճառներից չեն խոսումՎաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

Ամիսներ առաջ «Ազատություն»-ը պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար: Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ:

Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում, սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված: Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված այս գործով դեռ մայիսին որևէ մեղադրյալ չկար: Արդյոք այս գործով է նախկին քաղաքապետին մեղադրանք առաջադրվել, հայտնի չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաղարշապատի քաղաքապետի՝ սկեսրայրի հետ կնքված պայմանագիրը վարույթի հարուցման պատճառ է դարձելԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմՎաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ

ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր: Ըստ «Հետք»-ի՝ սպանվածը մի քանի ամիս առաջ վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ:

Այս գործի վերաբերյալ երեկ Քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց՝ պնդելով, որ սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից պարտակել են հանցագործությունը:

«Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը», - ասված էր հաղորդագրությունում:

Քննչականի փոխանցմամբ՝ գազալցակայանի հերթափոխի պետին մեղադրանք է առաջադրվել հանցանք կատարած անձին աջակցելու, կազմակերպելու համար, իսկ գազալիցքավորողին՝ հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածով: Արդյոք նրանք գործել են Դիանա Գասպարյանի սկեսրայրի կամ ամուսնու հրահանգով, թե՞ վերջիններս անտեղյակ են եղել իրենց գազալցակայանում տեղի ունեցածից, ՔՊ-ական Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանը ստանալ դեռ չի հաջողվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էջմիածնում սպանությունից 7 օր անց քննչականը հաղորդում է՝ մեղադրյալին չեն հայտնաբերել, հետախուզում են հայտարարել Իրավապահներն օրերս խուզարկել են Դիանա Գասպարյանի բնակարանը, «ոչինչ չեն հայտնաբերել» Սկեսրայրի գազալցակայանում սպանությունից Դիանա Գասպարյանը «տեղյակ չէ, երկրում չէր»Գազալցակայանում սպանության դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՍպանություն Վաղարշապատի համայնքապետի սկեսրայի գազալցակայանում․ իրավապահները դեռ փնտրում են կասկածյալին

Արդյոք Գասպարյանի ընտանիքի շուրջ այս պատմություններն են ամիսներ առաջ պատճառ դարձել, որ նա հեռանա պաշտոնից. ՔՊ-ից պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր պնդեց՝ հրաժարականի մասին նախկին քաղաքապետի պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն: Իսկ իրենց թիմակցի ընտանիքի շուրջ աղմկոտ պատմությունները, ասաց, չի նշանակում, որ այդ ամենի համար պատասխանատու է նաև Դիանա Գասպարյանը:

«Գիտե՞ք, հանցագործությունը հանցագործություն է, ի՞նչ կապ ունի՝ ում ձեռամբ է արվել, ում սկեսրայրն է, ում հայրն է, ում հարևանն է, կապ չունի էդ ամեն ինչը: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք չեն ենթարկվում Հայաստանի ներքին օրենսդրությանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն, սրա մասին բացարձակ պետք էլ չի անգամ քննարկել այս ամեն ինչը: Բայց որքանո՞վ է դա ուղիղ կապված, ենթադրենք, Դիանա Գասպարյանի հետ՝ սա ևս, էլի, քննարկելու թեմա է առանձին, որովհետև կարող է մարդու ամենամտերիմ ընտանիքի անդամը լինել հանցագործ, դա չպետք է տարածվի իր ընտանիքի մյուս անդամների վրա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Հակոբյանի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը Գասպարյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկում:

Ի դեպ, վարչապետի որոշմամբ այսօր Վաղարշապատի համայնքապետի ժամանակով պաշտոնակատար է նշանակվել Արմավիրի մարզպետի պաշտոնից չորս օր առաջ ազատված ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն Վաղարշապատում մտադիր է գնալ արտահերթ ընտրությունների. թեկնածուն Արմավիրի մարզպետն էՎաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չկայացավ