ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ այդ կառույցը «լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում»:
«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս հարցում», - հերթական անգամ պահանջել է Ալիևը։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի հետ զրույցում Ադրբեջանի առաջնորդը վերստին հայտարարել է՝ Ադրբեջանն իր «տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին ապահովել է», այդ թվում՝ ռազմական միջոցներով։
Նախքան Բաքու մեկնելը Ֆերիդուն Սինիրլիօղլուն Հայաստանում էր։ Նա Երևանում քննարկել է տարածաշրջանային հարցեր։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել: Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն Ալիևին առաջարկում է Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել