Վաղը Աբու Դաբիում կհանդիպեն Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը

Ալբանիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, 16-ը մայիսի, 2025թ.

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում վաղը Արաբական Միացյալ Էմիրություններում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Արդեն մոտ մեկ շաբաթ շրջանառվող այս լուրն այսօր հաստատեցին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն: Փաշինյանն արդեն ժամանել է ԱՄԷ, որտեղ այսօր կհանդիպի Էմիրությունների նախագահի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը վաղը Աբու Դաբիում կբանակցեն

ԱՄԷ-ում սպասվող հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքում հրապարակումից հետո: Նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել էր նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Middle East Eye. «Հուլիսին Դուբայում Ալիև-Փաշինյան հանդիպում կկայանա»Երևանը հաստատում է՝ ապաշրջափակման հարցով միջազգային գործընկերներից առաջարկներ ստանում ենԹրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի»

Նախօրեին էլ Սպիտակ տանը նախագահի կաբինետի հանդիպմանը պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվելով վերջին կես տարում ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

Պետքարտուղարությունում ճեպազրույցների ժամանակ էլ հարցին, թե արդյոք ամերիկյան ակտիվ միջնորդություն կա այս հարցում, և ի՞նչն է պետքարտուղարի լավատեսության հիմքը, ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Թեմի Բրյուսը պատասխանել է՝ թեման բավականաչափ կարևոր էր, որ պետքարտուղար Ռուբիոն դա առանձին նշեր:

Արդյոք Աբու Դաբիում հանդիպմանը կարող է քննարկվել նաև «Քարնեգի» կենտրոնի գաղտնազերծած առաջարկը, և հնարավո՞ր է արդյոք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ստորագրվի խաղաղության պայմանագիր:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Աբու Դաբիում հանդիպման ուշադրության կենտրոնում լինելու է հենց ապաշրջափակման թեման և ամերիկյան առաջարկները:

«Արդեն մի քանի վստահելի աղբյուրներ նշել են, որ քննարկվում է հենց ապաշրջափակման ամերիկյան տարբերակը, այսինքն՝ մասնավոր ընկերության ներգրավվածությամբ հարավային կոմունիկացիան բացելու տարբերակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Այստեղ, կարծում եմ, դեռևս նյուանսներ գոյություն ունեն, ամեն ինչ այդքան հստակ ու պարզ չէ, ինչպես ներկայացվում է մամուլում: Եվ հենց այս հարցի շուրջ էլ հիմնական բանակցությունները կընթանան»:

«Երեկ ադրբեջանական մամուլում կային նաև հրապարակումներ այն մասին, որ կարծես թե կա համաձայնություն Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ: Միգուցե հենց դրա շուրջ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվի», - նշեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահը:

«Ես, իհարկե, չեմ բացառում, որ հատկապես ապաշրջափակման հարցով կարող է լինել ինչ-որ համաձայնություն, բայց, կարծում եմ, այս փուլում դեռևս խոսքը գնում է դետալները քննարկելու մասին», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:

«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ խաղաղության պայմանագիր դժվար թե ստորագրվի, գուցե կողմերը հայտարարություն համաձայնեցնեն:

«Չեմ բացառում, որ մենք հանդիպման արդյունքում ինչ-որ փաստաթղթի ստորագրման ականատես լինենք, որը կարող է լինել հայտարարություն կամ հռչակագիր: Սակայն փաստաթուղթ, այսպես ասեմ՝ խաղաղության պայմանագիր, կամ փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսված կլինեն, օրինակ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքները, քիչ հավանական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով. - «Քանի որ շատ գործընթացների մենք տեղյակ չենք, մենք՝ ես նկատի ունեմ գոնե փորձագիտական հանրույթը կամ փորձագիտական հանրույթի մի մասը, հետևաբար, իհարկե, մասնագիտական գնահատականներ տալը բավականաչափ բարդ է, որովհետև տեղեկույթը բավականաչափ քիչ է: Բայց այն, ինչ առկա է հրապարակային տիրույթում, նորից եմ ասում՝ քիչ հավանական է դարձնում ինչ-որ լուրջ, սկզբունքային փաստաթղթերի ստորագրումը»:

«Ինչ վերաբերում է Ռուբիոյի հայտարարության հետ կապված՝ հասկանալի է, որ ինչ-որ գործընթաց երևի թե գնում է, կամ առնվազն ամերիկացիներն ինչ-որ քայլեր ձեռնարկում են, գոնե այդ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առաջարկը ներկայացվել է, ոչ ոք չի հերքել, ուստի դա ընդունենք որպես փաստ ... Բայց նաև շատ մեծ հույսեր կապել Թրամփի վարչակազմի զանազան ներկայացուցիչների հայտարարությունների կամ հույսերի հետ, ... զուտ նայելով Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը վերջին հինգ ամիսներին՝ ես կարող եմ արձանագրել, որ շատ հաճախ այն հայտարարությունները կամ հույսերը, որոնք արվում են կամ ներկայացվում են կամ արտահայտվում են, որ ինչ-ինչ հարցերի լուծումը շատ մոտ է, և հույս է արտահայտվում, որ շատ շուտով կլինի վերջնական լուծում, շատ հաճախ դրանք չեն իրականանում: Հետևաբար, այսպես ասենք՝ ես կլինեմ չափավոր լավատես», - ընդգծեց փորձագետը:

Ադրբեջանն անխոչընդոտ անցում է պահանջում Հայաստանով դեպի Նախիջևան, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ճանապարհները կարող են բացվել երկրների ինքնիշխանության ներքո, սակայն փոխադարձության սկզբունքով պարզեցված ընթացակարգ կարող է գործել:

Մարտի կեսերին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները, սակայն համաձայնագրի ստորագրում այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը շարունակում է նախապայմանները պնդել՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջեն տեսնում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Մարտին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին մեկ անգամ՝ մայիսին Ալբանիայի մայրաքաղաքում: Այդ ժամանակ, սակայն, կողմերը որևէ պայմանավորվածության կամ առաջընթացի մասին չհաղորդեցին:

Աբու Դաբի վարչապետ Փաշինյանը մեկնել է պատկառելի պատվիրակությամբ, որի կազմում են Անվտանգության խորհրդի քարտուղարը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարարը, երկու փոխարտգործնախարարները, նաև հայ - թուրքական կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում