Վանաձորի համայնքապետարանը հանքավայրն արոտավայր է անվանել, անօգտագործելի հողերը՝ հասարակական նշանակության հողատարածք։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն սրա մեջ հանցանք չի տեսել՝ պատճառաբանելով, որ «պարզ չէ, թե հողամասերը որտեղ են տեղակայված»։
«Քննարկելով հաղորդումը, ակնհայտ է, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ներառված հողամասերը որպես հասարակական նշանակության հողեր, ինչպես նաև արդյունաբերական հողամասերը որպես գյուղատնտեսական հողամասեր տրամադրված լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն վարույթն իրականացնող մարմնին չի տրամադրվել: Ավելին՝ հաղորդմանը կից ներկայացված նյութերից, այդ թվում համայնքի գլխավոր հատակագծի տվյալներից պարզ չէ, թե որտեղ են դրանք տեղակայված, արդյո՞ք հաղորդմամբ նշված հողամասերը նույնանում են տրամադրված հատակագծի հատվածներում առկա հողամասերի հետ, թե՞ ոչ», - ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:
«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունն էր դիմել իրավապահ մարմիններին, նշել, որ համայնքապետարանը փաստաթղթերում փոխել է հողամասերի իրական նշանակությունը՝ արդյունաբերական հողերը դարձել են «գյուղատնտեսական», պետական անօգտագործելի տարածքները՝ «հասարակական նշանակության»։
«Այսինքն, ի սկզբանե Հակակոռուպցիոնը չի ասում, որ նման բան չկա, այսինքն՝ քրեորեն պատժելի չի, կամ քննել են գործը և պարզել են, որ, օրինակի համար, չկան նման հանցակազմ պարունակող ինչ-որ տվյալներ, այլ ուղղակի տվյալները չեն փոխանցվել իրենց, և դրա հիմքով իրենք չեն կարողացել քրեական գործ հարուցեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը:
Մեկ տարի առաջ համայնքի ղեկավարը Գուգարք գյուղի մոտ 12 հա հողատարածքը Սամվել Սաքանյանին է տրամադրել՝ վարձակալությամբ։ Որոշման մեջ նշել է, որ այն 60-րդ հոդվածի հողամաս է, այս դեպքում՝ հանքավայր։
Մեկ շաբաթ անց կադաստրի վկայականում նույն հողը արոտավայր է դարձել։ 2025-ի գարնանը հաստատված հատակագծում, սակայն, կրկին հանքավայր է նշված։ Բայց համայնքապետարանը մեկ ամիս առաջ դարձյալ այն վարձակալության մրցույթի է դրել՝ իբրև արոտավայր:
Վանաձոր քաղաքի Մայմեխի փողոցի գետամերձ 9 հողակտորի դեպքում գրեթե նույն սխեման է գործել։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցած տարի դրանք վարձակալության է տրամադրել՝ որպես «անօգտագործելի տարածքներ»։ Այս տարվա հայտարարված մրցույթում դրանք արդեն «հասարակական կառուցապատման ենթակա» են դարձել։
Փելեշյանը չի ժխտել, որ կադաստրի վկայականի, հատակագծի ու իր որոշումների մեջ անհամապատասխանություններ կան: Մարզպետարան ուղարկված պարզաբանման մեջ մի դեպքում նշել է, թե հատակագիծը կազմող ընկերության սխալն է, մյուս դեպքում, թե անհամապատասխանության պատճառով հողերը հանել են վարձակալության մրցույթից: Բայց մարզպետի պաշտոնակատարին հասցեագրված գրության մեջ այդպես էլ չի բացատրել՝ ինչպես է կադաստրում 12 հա հողատարածքը գյուղատնտեսականի վկայական ստացել այն դեպքում, երբ համացանցի բաց աղբյուրներում հստակ երևում է, որ այդ տարածքներում դեռ 2018-ից քարի հանք է գործում: Այդ ինչ կենդանիներ էին արածելու արդեն գործող քարհանքի վրա, պարզ չէ:
Դա էլ մի ուրիշ պատմություն է, թե ինչպես են տարածքը շահագործում որպես քարհանք, եթե կադաստրի վկայականով այն գյուղատնտեսական է: Ենթադրաբար, որևէ մեկն այստեղ հանք ունենալու թույլտվություն չէր կարող ունենալ:
«Այսինքն, Վանաձորի համայնքապետարանը առնվազն մեզ նախարարության և մարզպետարանի միջոցով հստակ տվել է էն բոլոր փաստարկները, որոնք պետք է հիմք ծառայեն քրեական գործ հարուցելու համար: Չնայած դրան՝ Հակակոռուպցիոն կոմիտեին չի հաջողվել, ըստ երևույթին, մի ամսվա ընթացքում հայթայթել այդ հիմքերը,և, ըստ երևույթին, կոմիտեն ակնկալում է, որ փաստաթղթերը պետք է մենք հավաքենք, որպեսզի իրենք կարողանան քրեական գործ հարուցել», - ասաց Քոթանջյանը:
«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության՝ իրավապահներին ու իշխանություններին հասցեագրված գրություններից հետո ի վերջո հուլիսի 21-ին նախատեսված վարձակալության մրցույթը չէր կայացել: Չնայած այն նախապատրաստել էին, հանձնաժողովի անդամները ներկա էին, բայց վերջին պահին պարզվեց, որ հայտ ներկայացրած ոչ մի մասնակից չի ներկայացել։ Ընդ որում, ուշագրավ է, որ այս հողատարածքների համար նույն անձինք են դիմել, որոնք դեռ մեկ տարի առաջ վարձակալության պայմանագիր էին կնքել համայնքապետարանի հետ, բայց հետո կադաստրը կասեցրել էր նրանց իրավունքի գրանցումը: Մեկ տարի անց արդեն համայնքի ղեկավարը չեղարկել էր վարձակալության տալու մասին իր որոշումներն ու նոր մրցույթ էին հայտարարել, որտեղ այդ նույն անձինք հայտ էին ներկայացրել՝ առանց մրցակիցների, տարածքն էլ արդեն ոչ թե հանքավայր, այլ արոտավայր է նշված՝ չնայած ակնհայտ հակասությանը գործող հատակագծի հետ:
Այս ամենը մի քանի պարզ փնտրումներով կարելի է տեսնել համայնքապետարանի կայքէջում: Թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահ մարմինը դա չի արել քրեական վարույթ չհարուցելու որոշումից առաջ, պարզ չէ:
«Եթե էս պատասխանը, օրինակ, լիներ, չգիտեմ, համայնքային ոստիկանություն կոչվածի կողմից, որոշակիորեն ընկալելի կլիներ, էլի, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն, որը որ ձևավորվել է հետհեղափոխական ընթացքում և իր գաղափարն է կոռուպցիային վերջ դնելը, բայց միևնույն ժամանակ գոնե էս գրածի մեջ կասկած է առաջանում, որ հենց Հակակոռուպցիոն կոմիտեն հովանավորչություն է անում», - նշեց իրավապաշտպանը:
Գևորգ Քոթանջյանը շեշտում է՝ եթե մրցույթները տեղի ունենային, հողամասերը 10 տարի ժամկետով վարձակալության էին տրվելու ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա, իսկ գինը՝ մեկ քառակուսի մետրը 30 լումայից մինչև 50 դրամով։ Քոթանջյանը հիշեցնում է՝ նման գործերի համար նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը երեք տարի բանտ է նստել։