Վարդան Ղուկասյան ու որդին հայտարարում են՝ չեն վախենում

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր տնային կալանքի տակ գտնվող որդու, փոխքաղաքապետ փեսայի, ազգականների ու քաղաքապետարանի տարբեր պաշտնյաների հետ հակակոռուպցիոն դատարանում էր՝ պաշտոնեական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեղադրանքով քննվող դատավարությանը մասնակցելու: Ի տարբերություն Վարդան Ղուկասյանի՝ նրա որդին հարցերի չէր պատասխանում:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը համոզված է, որ որդուն կալանավորեցին, քանի որ վերջինս մասնակցել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին: Ասաց՝ իրավապահները դրանից օրեր անց են հիշեց 1.5 տարի առաջ հարուցված քրեական վարույթի մասին: Սպարտակ Ղուկասյանը պնդում է՝ տնային կալանքով իրեն չեն վախեցնի, ու սրբազանի դատին կմասնակցի, երբ կալանքից դուրս գա:

«Իրենք պիտի վախենան, մենք վախենալու բան չունենք», - ասաց Սպարտակ Ղուկասյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետի որդին. Վարդան Ղուկասյանն իր վարկածն ունի

2007-ին, երբ Սպարտակ Ղուկասյանը Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով հետախուզման մեջ էր, Վարդան Ղուկասյանը պնդում էր. «Հայրը տղայի տեղը չի պատասխանում, տղան` հոր տեղը: Օրենքով` ոչ, բայց բարոյապես, իհարկե, պատասխան ենք տալիս»:

Հիմա էլ ասաց. «Իմ որդին կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ իր հայրը չի գնում պետության հետ համագործակցության ու ներքին կարգով ստուկաչ չի դառնում, այլ պաշտպանում է ժողովրդի, հայրենիքի շահերը»:

Սպարտակ Ղուկասյանն այդ ժամանակ 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության հոդվածով: Նրա նկատմամբ և՛ Ղուկասյանի նախկին պաշտոնավարման, և՛ հետո տասնյակ քրեական գործեր են հարուցվել: Վերջինը, որով նա այժմ տնային կալանքի տակ է, հարուցվել է հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով:

Նախաքննական մարմինը պնդում է, որ Սպարտակ Ղուկասյանը քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակցին հարկադրել է փողոցից քանդված 96 հազար դրամի սալաքարերը տեղափոխել Ղուկասյանների ընտանիքին պատկանող Ալեքսանդրապոլ ռանչո: Պաշտպանական կողմը պնդում է՝ տարել են, բայց եղածն աղբ էր, որը ոչ թե ռանչոյի տարածք է տեղափոխվել, այլ մոտակայքում գտնվող փոսերից մեկն են փակել:

Ղուկասյանը վստահ է, որ որդու միջոցով փորձում են իրեն վախեցնել, բայց ինքը, ասաց, վախեցողներից չէ. «Ես այդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ: Ինչ ուզում է անեն, ոնց ուզում է անեն, ամեն տեղն էլ տղամարդու տեղ է, գնում ենք առաջ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե գուցե այս ամենը իշխանություններին քննադատելու հետևանք է, ինչպե՞ս կարող է գործող քաղաքապետը քննադատել կառավարությանը:

«Դեմոկրատիա է, բա ինչո՞ւ պիտի անպայման լինի, որ բոլորը պիտի ՔՊ-ական լինե՞ն», - արձագանքեց նա:

Վարչապետին էլ խորհուրդ տվեց «այլ մարդկանց ընտրել»: «Այդ թիմն իրեն խայտառակում է», - հավելեց նա՝ վստահություն հայտնելով, որ
Գյումրիում իշխող ուժը ձայն չի հավաքելու: