Ըստ լրագրողի՝ վարչապետի շարասյան անցնելու ընթացքում շտապօգնության մեքենան մնացել է խցանման մեջ

Շտապօգնության մեքենա Երևանում, արխիվ

Շտապօգնության մեքենան մնացել էր խցանման մեջ, որովհետև վարչապետ Փաշինյանի շարասյունն էր անցնում: Տեսանյութն իր մեքենայից նկարահանել էր լրագրող Հակոբ Կարապետյանը: Չդադարող ազդանշաններով շտապ օգնության մեքենան շարժվել է միայն շուրջ 10 րոպե հետո, երբ անցել է շարասյունը, պատմում է Կարապետյանը:

«Ժամը 7-ն անց էր, բավական բանուկ է լինում երթևեկությունն էդ ժամին, 10 րոպե տևեց էդ ամենը, ոչ միայն շտապօգնության մեքենայի ազդանշանն էր հնչում, այլ նաև կողքի մեքենաների ազդանշանը: Ինձ թվաց, թե դա բողոքի ինչ-որ արտահայտություն է, հետո հասկացա, որ ուղղակի ուզում էին պարեկների ուշադրությունը հրավիրել, որ նաև շտապօգնության մեքենա է կանգնած», - ներկայացրեց լրագրողը:

3 տարի առաջ վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը: Դատարանը 3 տարի անց վարորդին մեղավոր ճանաչեց՝ համարելով, որ նա գերազանցել է արագությունը:

Այս դեպքում, իհարկե, արագության հարց չէ, բայց կրկին առանցքում վարչապետի շարասյունն է: Մահացած կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի պաշտպանը՝ Րաֆֆի Ասլանյանը, դիտել է տեսանյութն, ասաց՝ ապացուցման խնդիր է, տեսագրությունը պետք է հիմք հանդիսանա, որ արձանագրվի, արդյոք չե՞ն զիջել, արդյոք դրա հնարավորությունը եղե՞լ է:

Հայաստանի ճանապարհային երթևեկության կանոններով՝ հատուկ ազդանշանային համակարգը միացրած շտապօգնության մեքենան ճանապարհային երթևեկության գերակայություն ունի, ճանապարհ չտալն իրավախախտում է: Տարածվո՞ւմ է արդյոք այս պահանջը երկրի առաջին դեմքի՝ այս դեպքում վարչապետի շարասյան վրա:

Երեք տարի շարունակ օրենքներն ուսումնասիրած Րաֆֆի Ասլանյանն ասաց. - «Առավելությունը պատկանում է շտապօգնության մեքենային, ինչպես երթևեկության մյուս մասնակիցների դեպքում, վարչապետի ուղեկցման կարգը սահմանող կառավարության որոշմամբ որևէ իրավադրույթ չկա, որ շտապօգնությունը պետք է զիջի ուղեկցող վարչապետին: Եթե նման դրույթը բացակայում է, ապա ինչպես սովորական վարորդները, վարչապետին ուղեկցող շարասյունը պետք է նույնպես զիջի շտապօգնությանը»:

Դիմեցինք նաև վարչապետի գրասենյակ՝ հետաքրքրվելով արդյոք Փաշինյանը մեքենայում է եղե՞լ և արդյոք եղե՞լ է հրահանգ չկանգնեցնել շարասյունը։

«Դեռևս 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ շտապօգնության մեքենաները պետք է երթևեկեն անխոչընդոտ՝ անկախ որևէ պաշտոնյայի տեղաշարժից։ Սա սկզբունքային մոտեցում է, որը մնում է անփոփոխ։ Եթե իսկապես տեղի է ունեցել դեպք, երբ շտապօգնության մեքենային խոչընդոտ է ստեղծվել հիվանդի տեղափոխման ժամանակ, ապա դեպքը կդառնա քննության առարկա բոլոր հանգամանքներով։ Նշեմ նաև, որ պետական պահպանության ծառայությունը մշտական կապի մեջ է շտապօգնության ծառայության հետ, և այդ համագործակցությունը նպատակ ունի ապահովելու նման միջադեպերի բացառումը։ Վարչապետի և կառավարության համար առաջնային արժեք է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, և այս հարցում որևէ արտոնություն չի կարող դիտարկվել», - պատասխանել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ներքին գործերի նախարարությունը լռում է. եղե՞լ է խախտում, թե՞ ոչ։ Երևանի շտապօգնության մեքենան էր խցանման մեջ։ Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ մեքենայում այդ պահին հիվանդ եղե՞լ է։ Ասացին՝ ոչ։ Իսկ կանչը ժամանակին տեղ հասե՞լ է։

«Շտապօգնության նշված բրիգադը կանչով պացիենտ է իջեցրել Հերացի հիվանդանոց, որից հետո Աբովյան փողոցում իջնելիս նոր կանչ է ստացել։ Տվյալ բրիգադը երեք րոպե է մնացել խցանման մեջ, որից հետո թեքվել է Կորյունի փողոց և կանչը պատշաճ սպասարկել է։ Որևէ խնդիր չի առաջացել, առավել ևս կյանքին սպառնացող վտանգ չի եղել», - «Ազատությանը» գրավոր պատասխանել են քաղաքապետարանից։

Պետական պահպանության ծառայությունն (ՊՊԾ) է ապահովում վարչապետի տեղաշարժն ու անվտանգությունը։ Վարչապետին ենթակա այս մարմինը փակ կառույց է համարվում։ Գրավոր հարցեր ենք ուղարկել նաև ՊՊԾ, հետաքրքրվելով՝ հրահանգ եղե՞լ է չկանգնեցնել շարասյունը անկախ փողոցում առկա շտապօգնության մեքենայից, ի՞նչ ընթացակարգ է սահմանված նման իրավիճակների համար, պե՞տք է արդյոք վարչապետի շարասյան ընթացքը վեր դասել շտապօգնության ծառայությունից։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու շտապօգնության մեքենայի շարժը։ Մեր այս հարցերի պատասխանը դեռ չենք ստացել։

Շատ երկրներում են նախքան երկրի առաջին դեմքերի շարասյան տեղաշարժը նախապես ու ժամանակավորապես փակվում ճանապարհները։ Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից երեք տարի առաջ մահացած Սոնա Մնացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասում է՝ հնարավոր էր այնպես փակել ճանապարհը, որ շտապօգնության մեքենան խցանման մեջ չմնար։

«Դժվար չէր, իրենք ունեն ռադիոկապ, բոլոր խաչմերուկները կարգավորող ոստիկանների և ավտոմեքենաների մեջ։ Ռադիոկապով կարող էր դանդաղեցում տալ, ասել, որ շտապօգնություն է անցնում, անցնելուց հետո նորից տեղեկացնել, որ անցավ։ Սա դժվար չի, պարզապես իրենք դրա կարիքը չեն տեսնում արդեն», - ասաց Ասլանյանը:

Տեսանյութը՝ մի փոքր ուշ